Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2023-2024 ուստարվա մեկնարկին ընդառաջ այսօր անցկացվեց Արմավիրի մարզի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

22.08.2023

 

 2023-2024 ուստարվա մեկնարկին ընդառաջ հանրակրթական դպրոցների տնօրեններին անհրաժեշտ մեթոդական օգնություն տրամադրելու նպատակով այսօր անցկացվեց Արմավիրի մարզի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցություն։

Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, ՀՀ ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, մարզպետի աշխատակազմի և հանրակրթության ոլորտի, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ՀՄԿ-ի, Կրթության տեսչական մարմնի պատասխանատուներ։

Խորհրդակցությունը մեկնարկեց փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի ողջույնի խոսքով, որից հետո նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ամփոփ ներկայացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից իրականացված Արմավիրի մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթին մասնակցած դիմորդների արձանագրած ցուցանիշները:

Այնուհետև փոխնախարարը ներկայացրեց հանրակրթական նոր չափորոշչի ներդրման, նոր դասագրքերի ստեղծման, ուսումնական նյութերի կիրառման, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխության, դպրոցների ֆինանսավորման և կառավարման նոր մոդելի վերաբերյալ մի շարք հարցեր։

Արաքսիա Սվաջյանը նշեց, որ սեպտեմբերից նոր չափորոշիչը ներդրվելու է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում։ 10-րդ դասարանում նոր չափորոշչի ներդրումը կիրականացվի հաջորդ ուսումնական տարում։

Մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների մանկավարժները, ինչպես նաև հանրապետության բոլոր ԲՏՃՄ առարկաների ուսուցիչները՝ բացառությամբ մաթեմատիկական առարկաներ դասավանդողների, կստանան 25 % հավելավճար։

Պարզաբանելով փոփոխությունը՝ նախարարի տեղակալը նշեց, որ դպրոցները պետք է ուսուցիչների տվյալները ներբեռնեն ԿՏԱԿ-ի կողմից սպասարկվող կրթության կառավարման տեղեկատվական համակարգ։

Անդրադարձ կատարվեց դպրոցներում աշակերտների մասին տեղեկատվության ու նրանց իրավունքների պաշտպանությանը՝ շեշտադրելով թե՛ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար լավագույն պայմանների ապահովման, և թե՛ բուլինգի, ընտանիքում երեխայի բռնության և այլ արատավոր երևույթների վերահսկման և կանխարգելման բացառման կարևորությունը։

Քննարկվեց նաև պարտադիր և կամավոր ատեստավորմանը, ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը, համընդհանուր ներառական կրթության կազմակերպմանն առնչվող հարցեր: Նշվեց, որ սեպտեմբերից ներդրվող ֆինանսավորման նոր մոդելով բոլոր դպրոցներում պարտադիր է լինելու հոգեբանի հաստիքը։

Հնչած հարցերի շուրջ տնօրենները հարցադրումներ ներկայացրին, ծավալվեց քննարկում։

Հանդիպման ավարտին Արաքսիա Սվաջյանը շնորհավորեց գալիք նոր ուսումնական տարին՝ բոլորին մաղթելով բեղմնավոր և արդյունավետ աշխատանքային տարի։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21