Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արաքս համայնքի Լուսագյուղ, Գայ և Ջրառատ բնակավայրերում
24.08.2023
Փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արաքս համայնքի Լուսագյուղ, Գայ և Ջրառատ բնակավայրերում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։
Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը փոխմարզպետին նախ ներկայացրեց Լուսագյուղ գյուղում կառուցվող պոմպակայանը։
Ենթածրագրի արժեքն է 44․460․652 ՀՀ դրամ։ Ֆինանսավորումն իրականացվում է 70% կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Ծրագրով կառուցվում է պոմպակայան՝ 100 լիտր/վայրկյան հզորությամբ՝ 2 պոմպով։ Շահառուների թիվը՝ 150 բնակիչ՝ 70 տնային տնտեսություն։
Ջրառատ բնակավայրում Առնակ Ավետիսյանին ներկայացվեց հիմնանորոգվող մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքը։
Մանկապարտեզի շենքը կապիտալ վերանորոգվելու է, կառուցվելու է ջեռուցման համակարգը, բարեկարգվելու է բակը։
Ենթածրագրի ընդհանուր արժեքը 195․226․600 դրամ է, որն իրականացվելու է 70% կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Փոխմարզպետը շրջեց մանկապարտեզի տարածքում, զրուցեց շինարարների հետ և հորդորեց մեծ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին։
Փոխմարզպետի հաջորդ կանգառը Գայ բնակավայրն էր։
Սուբվենցիոն ծրագրով բնակավայրում վերակառուցվում է ջրահեռացման համակարգ։ Ենթածրագրի արժեքը 163․322․417 ՀՀ դրամ է, որի 70% կառավարության, իսկ 30% համայնքի մասնաբաժինն է։
Ծրագրի իրականացման արդյունքում կվերակառուցվի 1300 գծամետր երկարությամբ կիսախողովակներով ջրահեռացման համակարգ, ինչը կապահովի անձրևաջրերի և հետադարձ ջրերի հեռացումը։
Ծրագրի շահառուները շուրջ 150 տնային տնտեսության 1450 բնակիչներ են լինելու։
Առնակ Ավետիսյանը շրջայցի ժամանակ կանգառ ունեցավ նաև Լուսագյուղ-Երասխահուն հատվածում կառուցվող նոր կամրջի մոտ։
Նոր կամուրջը կառուցվում է պետական միջոցներով. բյուջեն ավելի քան 133 մլն դրամ է։
Նշենք, որ Սևջուր գետի վրա գտնվող կառույցն ավելի քան 15 գյուղի համար կենսական նշանակություն ունի։
Առնակ Ավետիսյանը բնակավայրերում զրուցեց շինարարների հետ և հորդորեց բարձր որակով իրականացնել աշխատանքները բոլոր փուլերում՝ հետագա խնդիրներից խուսափելու համար: