Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Էդվարդ Հովհաննիսյանն այսօր 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյանների տուն

29.08.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր Վաղարշապատ համայնքում այցելել է 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյանների տուն։

Մարզպետին դիմավորեցին հերոս տղաների ծնողները՝ Գեղամ և Նուշիկ Ղազարյանները՝ նորածին որդուն՝ Սամվել Ղազարյանին գրկած։

Տունը, որն Արցախյան երրորդ պատերազմից հետո կորցրել էր իր գույները, այսօր արդեն հույսով և լույսով էր լցված։

Շարունակվելու է ծխալ Ղազարյանների օջախի ծուխը, իսկ տնից դարձյալ անհոգ երեխայի ծիծաղի ձայնն է լսվելու։
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ողջունեց հերոսածին ծնողներին, ապա հարգանքի տուրք մատուցեց հերոս եղբայրների հիշատակին նվիրված փառքի անկյունի մոտ։

Իրենց կյանքը վերաիմաստավորած ծնողները պատմում էին փոքրիկի մասին՝ անդադար հիշելով հերոս որդիներին (Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած եղբայրներից 19-ամյա Սամվել Ղազարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» կոչմանը, պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով, իսկ 18-ամյա Նարեկ Ղազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ 2-րդ աստիճան» շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով):

Հայրը՝ Գեղամ Ղազարյանը, անհագորեն պատմում էր որդիների սխրանքների մասին։
«Իմ որդիներն իմ դաստիարակությունն էին ստացել․ նրանք երբեք չէին բռնի նահանջի ճանապարհը։ Նրանք կանգնել և պայքարել են թշնամու դեմ՝ զուգահեռ օգնելով մարտի դաշտում վիրավորում ստացած բազմաթիվ ծառայակից ընկերների։ Տղաներս իրենց երիտասարդ կյանքն են նվիրաբերել հանուն հայրենիքի։ Այսօր մենք ենք պարտավոր տեր կանգնել այս ամենին։
Դժոխքի միջով ենք անցել, բայց չենք չարացել․ պայքարել ենք հանուն մեր փոքրիկ Սամվելի , որը երկու տղաներիս խառնուրդն է։ Սրանով էլ չենք բավարարվելու․ ծնվելու է նաև մեր Նարեկը»,- նշեց Գեղամ Ղազարյանը և շեշտեց, որ հայ ընտանիքներում պետք է շատ երեխաներ ծնվեն և հզորացնեն մեր պետությունը։

Մարզպետը շնորհակալություն հայտնեց հերոս ընտանիքին, որ կարողացել է նման տղաներ դաստիարակել՝ մաղթելով երկարակեցություն և առողջություն՝ իրենց բոլոր նպատակների իրականացման ճանապարհին։
«Ես՝ որպես մարդ, որպես կառավարության նեկայացուցիչ, ով երախտապարտ է ձեզ և ձեր որդիներին, անվերապահորեն շարունակելու եմ սատարել և լինել ձեր կողքին»,- նշեց Էդվարդ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ փոքրիկ Սամվել Ղազարյանը ծնվել է 2023 թվականի օգոստոսի 4-ին։ Լուսաշող տղան սիրով և խաղաղությամբ է լցրել իրենց տունը և վայելում է բոլորիս սերը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21