Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Տարոնիկի միջնակարգ դպրոցի նախակրթարանի բացմանը
01.09.2023
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրի միջնակարգ դպրոց՝ ներկա գտնվելու «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում նախադպրոցական կրթության միկրոծրագրով հիմնված նախակրթարանի բացմանը:
Համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի և կրթության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետը շրջել է նորաբաց նախակրթարանում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին:
Իր խոսքում մարզպետը շնորհավորելով Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ՝ դպրոցականներին և մանկավարժներին մաղթեց բեղմնավոր ուսումնական տարի:
Կարևորելով նախակրթարանի դերակատարումը նախադպրոցական տարիքի երեխաների կրթության և դաստիարակության հարցում՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ նախակրթարանում ստացած գիտելիքները դրական ազդեցություն կունենան ուսումնառության հետագա տարիների ընթացքում:
Էդվարդ Հովհաննիսյանն իր խոսքում կարևորել է նաև բյուջեի սահմանափակ հնարավորություններ ունեցող դպրոցի առաջին անհրաժեշտության խնդիրների լուծումը՝ ընդգծելով, որ դպրոցի խնդիրները մարզային իշխանության մշտական ուշադրության ներքո են:
Դպրոցի տնօրեն Արմինե Ղավալյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին՝ կրթության հանդեպ դրսևորած ուշադրության և հոգածության համար և վստահեցրեց, որ իրականացված աշխատանքները կծառայեն ի շահ համայնքի երեխաների բարօրության: