Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խաղողի մթերումը կազմակերպելու նպատակով կիրականացվեն աջակցության հետևյալ միջոցառումները

07.09.2023

Խաղողի մթերման գործընթացը կազմակերպելու և առաջիկա անելիքները կառավարելու նպատակով Վարչապետի հանձնարարությամբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ Էկոնոմիկայի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչների, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Վայոց ձորի մարզպետների մասնակցությամբ կազմակերպվել են մի քանի աշխատանքային քննարկումներ։ Վերջին տարիներին խաղողի մթերման հետ կապված խնդիրները հիմնականում պայմանավորված էին աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով հայկական գինեգործական արտադրանքի իրացման հիմնական շուկայի ՌԴ ռուբլու փոխարժեքի կտրուկ արժեզրկումով։

Այնուամենայնիվ 2023 թվականի խաղողի մթերումների կազմակերպման նպատակով կիրականացվի աջակցության հետևյալ միջոցառումները՝

1) Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում 2023 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 30-ը խաղող մթերող տնտեսավարողներին վարկերը տրամադրել հետևյալ պայմաններով՝

ա. սուբսիդավորվում է տրամադրվող վարկի տոկոսադրույքի տարեկան 11 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը),

բ. յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի մայր գումարը չի կարող գերազանցել 4.0 մլրդ դրամը,

գ. տրամադրվող վարկերն ունեն առավելագույնը 60 ամիս մարման ժամկետ,

դ. վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է առնվազն 24 ամիս,

ե. մթերումների (գնումների) համար տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է խաղողի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև 2023 թվականի հոկտեմբերի 15-ը.

2) խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2023 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրել մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2022 թվականին արտահանված արտադրանքի արժեքը.

3) 6000 տոննայից մինչև 9000 տոննան ներառյալ խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին, 5000 տոննան գերազանցող մթերված յուրաքանչյուր 1000 տոննայի դիմաց տրամադրել 30․0 մլն դրամի չափով սուբսիդավորում.

4) 15000 տոննա և ավելի խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին, 10000 տոննան գերազանցող մթերված յուրաքանչյուր 5000 տոննայի դիմաց տրամադրել 250.0 մլն դրամի չափով սուբսիդավորում.

5) կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող(ներ)ից ձեռք բերել մինչև 1.0 մլն լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) առնվազն 5 տարի հնացված կոնյակի սպիրտ՝ պայմանով, որ ձեռքբերված կոնյակի սպիրտի գումարով, 1 կիլոգրամը նվազագույնը 110 դրամով, Արարատի և Արմավիրի մարզպետների կողմից հաստատված ցանկերով ներկայացված խաղողագործներից կատարվում են համարժեք քանակությամբ խաղողի մթերումներ։

Արդյունքում՝ հնարավոր կլինի լուծել 2023 թվականի խաղողի բերքի ավելցուկային քանակի մթերման խնդիրը և կմեղմվեն ՀՀ դրամի արժևորման հետևանքով գինեգործական կազմակերպությունների պատրաստի արտադրանքի ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը, խաղողի մթերումներ իրականացնող կազմակերպությունները հնարավորություն կունենան մատչելի պայմաններով ներգրավելու անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցներ, արձագանքելու պահանջարկի փոփոխվող պայմաններին, դիմակայելու արտաքին մարտահրավերներին և շարունակելու բնականոն գործունեությունը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:33:42