Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նշվել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի օրը
18.09.2023
Երևանի «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ Արմավիրի մարզային իշխանության աջակցությամբ Արմավիր քաղաքի թիվ 1 մշակույթի տանը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի 876 ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա են գտնվել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, Երևանի Մոսկվայի տան գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, հայ և ռուս մշակութային հասարակության ներկայացուցիչներ, արմավիրցիներ։
Միջոցառմանը գեղարվեստական ելույթներով հանդես են եկել Հայաստանի տարբեր մարզերի ստեղծագործական խմբեր և անհատ կատարողներ։
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանն ընդգծել է նման միջոցառումների կարևորությունը, որոնք միտված են մարզերում ստեղծագործական գործունեության խթանմանը։ Նա շնորհավորել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի օրվա առթիվ՝ շնորհաշատ մասնակիցներին մաղթելով ստեղծագործական հաջողություններ։
Երևանի Մոսկվայի տան գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն իր հերթին նշել է, որ նախագծի նպատակը ոչ միայն մարզերի երեխաներին հնարավորություն տալն է ստեղծագործելու, այլև ռուսական ու հայկական մշակույթների համայնքը ներկայացնելը։ Նրա խոսքով՝ երեխաների ստեղծագործական զարգացմանը հատուկ ուշադրություն է դարձվում՝ փորձելով ամեն կերպ օգնել ու աջակցել նրանց նախաձեռնություններին։
Շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին՝ Վահրամ Կարապետյանը Երևանի Մոսկվայի տան անունից շնորհակալագրեր է հանձնել՝ Մոսկվայի 876-ամյակի պատվին միջոցառումների անցկացմանն ակտիվ մասնակցություն ու ներդրում ունենալու համար։