Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այց է կատարել Չեխիայի Հանրապետություն
19.09.2023
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հայ-չեխական մարզային համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 18-22-ը աշխատանքային այցով գտնվում է Չեխիայի Հանրապետության Մորավյան-Սիլեզյան երկրամասում:
Մարզպետի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 18-ին այցելեց երկրամասի վարչական շենք, որտեղ նրանց դիմավորեց երկրամասի ղեկավար Յան Կրկոշկան։
Մորավյան-Սիլեզյան երկրամասի ղեկավարը, ողջունելով հայկական կողմին, ներկայացրեց երկամասնի հնարավորությունները, ռեսուրսները, համագործակցության առավել հավանական ուղիները։
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հյուրընկալող կողմին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ այս այցը հնարավորություն կտա երկու երկրների և հատկապես մարզպերի միջև սերտ կապի ամրապնդման, ինչպես նաև կրթական ծրագրերի, մշակութային ժառանգության պահպանման ու զբոսաշրջության զարգացման, գինեգործության, թափոնների վերամշակման, չրագործության, սպորտի և այլ բնագավառներում համագործակցության ձևավորման և խորացման համար։
«Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի և Չեխիայի Հանրապետության Մորավյան-Սիլեզյան երկրամասի միջև բարեկամական հարաբերությունները՝ վստահ ենք, որ այս այցը ոչ միայն կստեղծի գործընկերային հարաբերությունների հաստատման հնարավորություններ, այլև կնպաստի միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը, կդառնա երկու բարեկամ ժողովուրդների առջև ուղենշված հեռանկարների իրականացման ևս մեկ կարևոր երաշխիք»,- իր խոսքն ամփոփեց Էդվարդ Հովհաննիսյանը:
Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հետ մարզպետը քննարկեց համայնքային զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Մորովյան Սիլիզյան երկրամասի ղեկավար կազմի հետ առաջիկայում կրկին հանդիպել և փոքր մասնագիտական խմբերով, կազմակերպել աշխատանքային խմբեր և քննարկել առաջիկա ծրագրերի իրականացման ուղիները։
Նշենք, որ Արմավիրի մարզի և Մորովյան Սիլիզիան երկրամասի միջև դեռևս 2004 թվականից հաստատված են բարեկամական հարաբերություններ, կողմերն ունեցել են բազմաթիվ հանդիպումներ՝ մարզային համագործակցության ամրապնդման նպատակով, իսկ 2023 թվականի մայիսի 23-ից 26-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ էին եկել Չեխիայի Հանրապետության Մորավյան-Սիլեզյան երկրամասի ղեկավար Յան Կրկոշկայի գլխավորած պատվիրակությունը։