Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Անկախության օրվա առթիվ
21.09.2023
Սիրելի' հայրենակիցներ,
Անկախության օրը բոլորիս համար պատգամ է միասնականության, համախմբման, ինքնաճանաչման, համերաշխության համար։
Ինչ-որ ունենք այսօր՝ ազատություն, անկախություն, հայրենիք, պետականություն, այդ ամենի համար պարտական ենք ինքներս մեզ: Ինչ-որ կարողանալու ենք պահպանել, ձեռք բերել, ամրապնդել, դարձյալ լինելու է մեր շնորհիվ և միմիայն մեր համախմբվածության, մեր միասնական ջանքերի, նպատակների, գործի վերածված մեր մտքերի և դրանց իրականացման համար։
Ինչպես անկախության ձեռք բերման բախտորոշ օրերին և դրան հաջորդող դժվար տարիներին, այսօր էլ մեր պետության առջև կան մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարենք միմիայն մեր ուժերով։
Այսօր առավել ևս չպետք է ընկճվենք, պետք է համառորեն պայքարենք, չպետք է խնայենք մեզ և մեր ուժերը պետք է ներդնենք մեր անկախ հայրենիքի հզորացման համար։ Մեր ջանքերը միտված պետք է լինեն մեր վիրավոր հայրենիքի, նրա խաղաղության երաշխավոր հայկական բանակի ամրացմանն ու մարտունակության բարձրացմանը:
Պարտավոր ենք անշահախնդիր սիրով սիրել հայրենիքն ու միմյանց, սատարենք իրար և ստեղծենք այն Հայաստանը, որը երազում ենք:
Հարգարժա'ն հայրենակիցներ, խաղաղություն, բարեկեցություն և առաջընթաց եմ մաղթում բոլորիս` հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման և բարգավաճման։