Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր Արմավիրի մարզպետարանում մարզպետի, աշխատակազմի և համայնքապետերի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

03.10.2023



Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների՝ կացարաններով ապահովման, նրանց առաջնային կարիքների գնահատման, սննդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաների տրամադրման, ինչպես նաև բժշկական օգնության ու սպասարկման, կրթության և մի շարք առաջնային համարվող հարցերի շուրջ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում։

Քննարկմանը մասնակցել են մարզային հանձնաժողովի անդամները, համայնքների ղեկավարները, Միասնական սոցիալական ծառայության ղեկավարները։

Խորհրդակցության ընթացքում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նախարարին ներկայացրեց մարզպետի աշխատակազմի և համայնքների կողմից իրականացված աշխատանքները։

Մարզպետը, ներկայացնելով թվային տվյալները, նշեց որ մարզում այս պահի դրությամբ հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6776 անձ։
Նշվեց նաև, որ մարզպետարանում և համայնքային կենտրոններում իրականացվում է շուրջօրյա հերթապահություն։

Մարզում ձևավորվել է մարզային հանձնաժողով, որտեղ ընդգրկվել են մարզպետի աշխատակազմի և համայնքների պատասխանատուները, ՄՍԾ-ների աշխատակիցները։

Համայնքներում կազմակերպվել և մինչ օրս իրականացվում են երկշաբաթյա ցիկլով սննդի բաշխման աշխատանքներն ըստ նախատեսված չափաքանակների։

Իրականացվել են առաջնային կարիքների գնահատում՝ հատկապես կարևորելով բժշկական աջակցության կարիք ունեցող քաղաքացիների բժշկական սպասարկման աշխատանքները։

Կարևորելով կրթության իրավունքը՝ դպրոցների տնօրեններին հանձնարարվել է տեղահանված ընտանիքների երեխաների կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով համապատասխան աշխատանքներ իրականացնել։
Մարզպետը նշեց, որ այս պահի դրությամբ 339 աշակերտ հաճախում է Արմավիրի մարզի հանրակրթական տարբեր դպրոցներ։

Համայնքներում ձևավորված աշխատանքային խմբերն ամենօրյա կտրվածքով կատարում են ընտանիքների կարիքների գնահատում, իրականացնում են սննդի և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարում։

Խորհրդկացության ընթացքում նախարար Գնել Սանոսյանը հանձնարարեց շարունակել խստորեն հետևել բռնի տեղահանվածների հաշվառման գործընթացին, որպեսզի հաշվառումից դուրս մնացած քաղաքացիներ չլինեն և առաջիկայում աջակցության ծրագրերից օգտվելու հետ խնդիրներ չառաջանան, ամենօրյա ռեժիմով իրականացնել տեղահանվածների կարիքների գնահատում, և, ըստ անհրաժեշտության, ապահովել կարիքները։

Նախարար կարևորեց նաև տեղահանվածներին աջակցելու գործընթացում կամավորների ներգրավումը։

Խորհրդակցության վերջում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց նախարար Գնել Սանոսյանին և նախարարության մյուս աշխատակիցներին, ովքեր 24 ժամ կապի մեջ են եղել մարզպետարանի հետ, լսել բոլոր խնդիրները, բոլոր հարցերին տվել լուծումներ և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն։

Մարզպետը հավելեց, որ միայն այս տրամաբանությամբ և թիմային աշխատանքով է կարելի լուծել բոլոր խնիրները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35