Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին

04.10.2023

Արմավիրի մարզետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի քանի ընտանիքներին: Մարզպետին ուղեկցում էին համայնքի ղեկավարները, մարզպետի աշխատակազմի աշխատակիցներ և այլոք:

Մարզպետը նախ այցելելց Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում հյուրընկալ մի ընտանիք, որտեղ ժամանակավոր բնակվում էին Մարատ Սարգսյանի բազմանդամ ընտանիքը՝ հայրը, մայրը, կինն ու 4 զավակները, ովքեր տեղահանվել էինՍտեփանակերտ քաղաքից: Սասուն Մարգարյանի հայրը երկրորդ կարգի հաշմանդամ է, երեք որդիները՝ ուսանողներ, դուստրը հաճախում է դպրոց: Սասունը 27 տարվա զինծառայող է եղել, իսկ կինը՝ տիկին Անահիտը, աշխատել է վաճառողուհի: Աշխատել և ապրել են, հոգացել զավակների կրթության հարցը:

Հիմա էլ կարևոր և առաջնային խնդիրն աշխատանք գտնելն ու զավակների կրթության շարունակականությունն ապահովելն է: Դուստրն արդեն հաճախում է դպրոց:

Մարզպետի հաջորդ այցը Լուկաշին բնակավայրի գինու գործարանն էր, որտեղ տեղակայվել էր Էդվարդ Մելքումյանի բազմանդամ ընտանիքը քրոջ ընտանիքի ՝ Արմեն-Մարգարիտա Առուշանյանների հետ: Նրանք երեք տարվա ընթացքում երկու անգամ տեղահանվել են իրենց բնօրրանից:

Նախ 2020 թվականին 44- օրյա պատերազմի ժամանակ Հադրութի իրենց տնից տեղահանվել և ապաստան են գտել Ստեփանակերտում, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հազարավոր հայրենակիցների հետ, ապրելու մեծ հավատով, բռնել են գաղթի ճանապարհը:

Այսօր նրանց ընտանիքները բնակվում են Արմավիր համայնքի Լուկաշեն բնակավայրի գինու գործարանի տարածքում, ուր գործարանի սեփականատեր Կառլեն Աղաբեկյանն ամեն կերպ աջակցում է նրանց՝ ապահովելով կենցաղային պայմանները:

Էդվարդ Մելքումյանը զրույցի ժամանակ նշեց, որ նրանց միայն աշխատանք է հարկավոր, աշխատող մարդիկ են, կսկսեն աշխատել և ամեն ինչ կստեղծեն: Երեխաներն արդեն դպրոց են հաճախում, անհրաժշետ ամեն պայման ստեղծվել է երեխաների կրթության համար: Հայաստանից դուրս գալու մասին անգամ չի մտածում. մնալու և հաստատվելու են Արմավիրում: Որևէ այլ տեղ իրենց կյանքը չեն պատկերացնում:

Տիկին Մարգարիտան էլ հպարտությամբ նշեց, որ շուտով լույս աշխարհ կգա իրենց որդու առաջնեկը (ավագ որդին զոհվել էր 44-օրյա պատերազմի ժամանակ): Կյանքը շարունակվում է, ապրելու և հզորանալու են:

Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրում էլ Էդվարդ Հովհաննիսյանը այցելեց 18 հոգանող մի ընտանիք, որտեղ վարձակալությամբ բնակվում էին 4 ընտանիք :

Բոլորն ազգակականներ էին՝ քույր- եղբայրներ: Երկու ընտանիքը տեղահանվել էր Ստեփանակերտից , մյուս երկուսը՝ Մարտակերտի շրջան գյուղ Չոլդրանից:
Երեխաներից 4-ն արդեն հաճախում են տեղի միջնակարգ դպրոցը, 2-ն էլ՝ մանկապարտեզ: Ընտանիքի պապիկը շինարար է, արդեն հարևան գյուղում աշխատանք է գտել և աշխատում է:

Որդիներից մեկը զինվորական է եղել, մյուսը՝ վարսավիր: Ընտանիքների մյուս տղամարդիկ աշխատել են Դրմբոնի հանքում:

Ընտանիքի մայրը շնորհակալություն հայտնեց համայնքապետին և մարզպետին ցուցաբերած հոգատարության և ուշադրության համար: « Ժամանակի հարց է, ամեն ինչ կլինի, գյուղացիներն էլ արտակարգ մարդիկ են, ով ոնց կարողանում է, օգնում է: Մենք մեզ մենակ չենք զգում ոչ մի վայրկյան»,- հուզված պատմում էր տիկին Մարգարիտան:

Նշենք, որ այցի շրջանակներում մարզպետի կողմից դիտարկվել են տեղահանված և ժամանակավորապես բնակություն հաստատած ընտանիքների կեցության պայմանները, սնունդը, հոգեբանական վիճակը, գնահատվել են կարիքները:

Մարզպետը զրուցել է տեղահանվածների հետ, տեղեկացրել Կառավարության կողմից այս պահին իրականացվող աջակցության ծրագրերի մասին, լսել բռնի տեղահանվածների կարիքները, խնդիրները: Յուրաքանչյուր բարձրացված խնդիր գույքագրվել է, և մարզպետի կողմից տրվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկայում դրանց լուծման վերաբերյալ:

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր մարզում բնակեցված յուրաքանչյուր անձի համար մարզը դառնա մշտական կեցավայր: Կառավարությունն անում է առավելագույնը, որպեսզի այս պահին բռնի տեղահանվածների կարիքները լինեն բավարարված: Առաջնային խնդիր ենք համարում այս պահին բավարար պայմաններով կեցավայրերի լուծման հարցը, որից հետո բոլոր ջանքերը կներդնենք մեր հայրենակիցներին աշխատանքով ապահովելու և մնացած առաջնային հարցերի լուծելու համար»,- իր խոսքում նշեց մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21