Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Մեծամորի և Ծաղկալանջի դպրոցներ՝ ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտներին, դպրոցի պայմաններին ու խնդիրներին
06.10.2023
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Մեծամոր համայնքի թիվ 1 հիմնական և Ծաղկալանջ բնակավայրի միջնակարգ դպրոցներ՝ ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտներին, դպրոցի պայմաններին ու խնդիրներին:
Դպրոցի տնօրեն Նունե Գևորգյանը մարզպետին ներկայացրեց, որ այս պահին իրենց մոտ սովորում է 57 արցախցի աշակերտ, իսկ 4 երեխա էլ հաճախում է նախակրթարան, իսկ 3 մանկավարժ արդեն աշխատում են դպրոցում որպես գործավար, ուսուցչի օգնական և դաստիարակ:
Առաջին օրվանից երեխաներին ապահովել են անհրաժեշտ գրենական պիտույքներով, անհրաժեշտ պարագաներով:
Շարունակական աշխատանքներ են տարվում համայնքում բնակություն հաստատած մյուս երեխաներին ևս դպրոց ներգրավելու ուղղությամբ:
Ծաղկալանջի միջնակարգ դպրոցի տնօրեն Հրաչյա Եգորյանը ներկայացրեց, որ իրենց դպրոց են տեղափոխվել 19 աշակերտ:
Երեխաներին մեծ սիրով և ջերմությամբ են ընդունել, ամեն ինչ անում են, որ երեխաները որևէ բանի կարիք չունենան:
Բոլորն ապահովված են դասագրքերով և անհրաժեշտ գրենական պիտույքներով:
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը զրուցեց երեխաների հետ, կոչ արեց, որ ցանկացած խնդրի դեպքում դիմեն տնօրենին, համայնքի ղեկավարին:
Դիմելով տեղացի աշակերտներին՝ մարզպետը նշեց, որ բոլորը պետք է հոգ տանենք արցախցի հայրենակիցների մասին, օգնեն նրանց, որպեսզի արագ ինտեգրվեն նոր միջավայր:
«Դուք այստեղ ձեր ընկերների հետ եք, որոնք ձեզ շատ են սիրում և պատրաստ են աջակցել ձեզ: Ուսուցիչներն էլ ամեն ինչ կանեն, որ լրացնեք այս օրերին բաց թողած դասերը: Պետք է լավ սովորեք, որովհետև միայն կրթությամբ և լավ սովորելով կարող ենք ուժեղանալ»,- ասեց մարզպետը՝ դիմելով աշակերտներին:
Արցախցի երեխաները մեծ ոգևորությամբ զրուցում էին մարզպետի հետ, պատմում իրենց հաջողությունների մասին:
Երեխաների հետ հանդիպումից հետո Էդվարդ Հովհաննիսյանը, զրուցեց նաև մանկավարժների հետ:
Շնորհավորելով Ուսուցչի օրվա առթիվ՝ մարզպետը նշեց, որ ուսուցչի աշխատանքն անգնահատելի է, իսկ կատարած աշխատանքը՝ ահռելի: «ՈՒսուցիչը բոլոր ժամանակներում էլ հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ և պատվով շարունակել է կատարել իր առաքելությունը: Այսօր էլ բոլորիս առջև մեկ խնդիր է դրված՝ համախմբվել և էլ ավելի մեծ սեր և հոգատարություն տարածել, քանի որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հազարավոր աշակերտներ և հարյուրավոր ուսուցիչներ մեր բոլորի աջակցության կարիքն ունեն։
Ոչ մի աշակերտ ուսումնական գործընթացից դուրս չպետք է մնա, ուստի եղեք զգոն և սրտացավ: Մենք ձեր կողքին ենք և ամեն կերպ աջակցելու ենք մեր հայրենակիցների ուսման, աշխատանքի և ադապտացման հարցերում»,- ասեց մարզպետը:
Նշենք, որ ներկա պահին Արմավիրի մարզի դպրոցներ է հաճախում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 516 աշակերտ: