Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելեց 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած հերոս Ազիզ Աղաջանյանի տուն
16.10.2023
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր Արմավիր համայնքում այցելել է 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած Ազիզ Աղաջանյանենց տուն:
Մարզպետին դիմավորեցին Ազիզի ծնողները՝ Սամվել և Մելանյա Աղաջանյանները՝ նորածին որդուն՝ լուսաշող Արեգին գրկած:
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ողջունեց հերոսածին ծնողներին, ապա հարգանքի տուրք մատուցեց հերոս եղբայրների հիշատակին նվիրված փառքի անկյունի մոտ։
Ազիզի Արեգը (նորածին որդուն Ազիզի ծնողներն անվանակոչել են Արեգ, քանի որ դա Ազիզի երազանքն էր. Ազիզը որոշել էր, երբ որդի ունենար, իր որդուն Արեգ էր անվանակոչելու) տունը, որը կորցրել էր իր գույներն ու շունչը, լույսով է լցրել, իր կյանքով ապրելու հույս է տվել հերոսածին ծնողներին, ամեն օր իր անուշիկ ժպիտով ստիպում է ծնողներին ժպտալ և առաջ նայել:
Արեգը շարունակելու է վառ պահել ոչ միայն իր հերոս եղբոր հիշատակը, այլև իրականացնել Ազիզի երազանքները՝ լինել արժանի զավակ և հոգ տանել իր ծնողների և հայրենիքի մասին:
Իր կյանքը կրկին վերաիմաստավորած ծնողները պատմում էին փոքրիկի մասին՝ անդադար հիշելով հերոս որդուն (Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ազիզ Աղաջանյանը պարգևատրվել «Մարտական արիություն» մեդալով):
Մայրը՝ Մելանյա Հարոյանը, անհագորեն պատմում էր որդու մասին.
« Ճերմակամաշկ, շագանակագույն աչքերով, բարեսիրտ, ժպտերես, խորհրդավոր կերպարանքով ու յուրօրինակ, նրբանկատ բնավորությամբ հանդիսացել է դրական կերպար՝ ընտանիքի, ընկերների, հարևանների և հարազատների համար։ Ամեն ինչի մեջ նա միայն լույսն էր տեսնում, միայն դրականը։
Նպատակասալց էր: գիշեր-ցերեկ պարապեց, պայքարեց և ընդունվեց Ամերիկյան համալսարան: Այն եզակի դիմորդներից է եղել, ով առանց հարցազրույցի ընդունվել է Ամերիկյան համալսարան:
Երազում էր շատ գումար վաստակել, որ մեզ ամեն ինչով ապահովեր, որ մեզ հետ ճանապարհորդեր աշխարհով մեկ: Երազում էր ավարտել համալսարանը և ընտանիք կազմել, ունենալ տղա և աղջիկ: Անգամ երեխաների անուններն էր որոշել՝ Արեգ և Մալիկա: Ավաղ, որդուս երազանքներն անկատար մնացին….»
Ազիզը հաճախ էր կրկնում . «Ինչքան ընտանիքինս եմ, այդքան էլ հարենիքինս եմ», և իր խոսքերը կարգախոս դարձրած՝ բազմաթիվ սխրանքներ գործեց, տասնյակ ծառայակից ընկերների կյանք փրկեց ռազմի դաշտում, բայց ինքը անմահացավ հանուն հայրենիքի, հանուն իր վեհ գաղափարների:
«Որքան էլ փորձենք մխիթարանքի խոսքեր ասել, չենք կարողանա սփոփել ձեր ցավը, բայց ես մշտապես ձեր կողքին կլինեմ:Մենք երախտապարտ ենք ձեզ և ձեր որդիներին, նրանք իրենք երիտասարդ կյանքով դարձել են բոլորիս օրինակ»,- իր խոսքում նշեց Էդվարդ Հովհաննիսյանը։
Նշենք, որ փոքրիկ Արեգ Աղաջանյանն այսօր դարձավ հինգ ամսական: Լուսաշող տղան լույս, հույս և խաղաղություն է լցրել հարազատների հոգիներում։