Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

1մլն 608 հազար դրամ՝ Շուշանավանքի նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի համար

23.10.2023

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում, ըստ որի Արմավիրի մարզի Շուշանավանքի նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի համար հատկացվել է 1մլն 608 հազար դրամ։

Սուրբ Շուշանիկ եկեղեցին գտնվում է ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան բնակավայրի մոտ, Արմավիր մարզկենտրոնից 33 կմ արևմուտք, հայ-թուրքական սահմանի եզրին: Այն կառուցվել է սպարապետ Աշոտ Շապուհյանի օրոք 914-918 թթ.:

Մատենագրության մեջ Շուշանավանքի պատմության վերաբերյալ տեղեկությունները կցկտուր են, իսկ կանգուն վեցխորան եկեղեցու որմերին պահպանված վիմագրերը կառուցման և հետագա նորոգումների մասին ստույգ վկայություններ չեն հաղորդում։ Փոխարենը ժողովրդական բանահյուսությունից մեզ են հասել ավանդազրույցի մի քանի պատումներ, որոնցից դատելով` Շուշանավանքի եկեղեցիներից մեկը հայտնի է դարձել կառուցումը նախաձեռնողի ու նպաստավորողի, տվյալ դեպքում` թագավորի քրոջ կամ դստեր` Շուշանի անունով, չնայած նրան, որ հայոց ընդհանրական տոնելի սրբերի շարքում նշվում է նաև սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկի անունը, որը, ամուսնացած լինելով Վրաց Աշուշա բդեշխի որդի Վազգենի հետ, վերջինիս կողմից չարաչար տանջանքների է ենթարկվել և նահատակվել:

Ավանդազրույցներից մեկում էլ պատմվում է, որ հայոց իշխանի մանկահասակ դուստրը՝ Շուշանիկը, շրջելով Բագարանի շրջակայքում, մոլորվում և այդպես էլ չի գտնվում։ Փոքրիկ Շուշանիկի հայրը Ախուրյանի ձախ ափին, ենթադրաբար այն վայրում, որտեղ կորել էր Շուշանիկը, կառուցում է եկեղեցի։ Մեկ այլ ավանդազրույցի համաձայն՝ բագարանցի տիկին Շուշանը, գտնվելով Ախուրյանի ձախ ափին, ուշանում է պատարագից և այդ պատճառով կառուցում է մի նոր եկեղեցի և անվանակոչում Շուշանավանք։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35