Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական 3-րդ մրցաշարի պարգևատրման արարողությունը
04.11.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Էջմիածին քաղաքում ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական 3-րդ մրցաշարի պարգևատրման արարողությանը:
Մրցաշարն անցկացվել է Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղին ընդգրկող ճանապարհահատվածում՝ 3 տարիքային խմբով, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկների խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 2006-2010 թթ. ծնված դպրոցականներ, 2-րդ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (2005-1983 թթ.), 3-րդ՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ (1982 թ. ծնված և բարձր), առանձին գործող աթլետների խումբ՝ աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները՝ առանց տարիքային սահմանափակման:
Առաջին տարիքային խմբում դպրոցականները հաղթահարել են 4 կմ վազքատարածությունը. մեկնարկը տրվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածքից։ Երկրորդ և երրորդ տարիքային խմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկները վազել են 10 կմ՝ Փարաքար–Էջմիածին մայրուղու երկայնքով։
Մրցաշարի գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբում մասնակցել են այն մարզիկները, որոնք զբաղվում են աթլետիկա մարզաձևով և վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել են աթլետիկայի Հայաստանի առաջնությունների և միջազգային մրցաշարերի:
Մրցաշարին 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:
Մրցանակները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը: