Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Արմավիրի մարզի Նորապատ համայնքի միջնակարգ դպրոցում հանդիպել է դպրոցականների հետ

12.12.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 11-ին Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Արմավիրի մարզի Նորապատ համայնքի միջնակարգ դպրոցում հանդիպել է դպրոցականների հետ:

Անահիտ Մանասարյանին ողջունել և ուղեկցել է Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը:

Միջոցառումը նախաձեռնել էր «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ): Ներկա էին Նորապատի, Այգևանի, Սարդարապատի դպրոցների սաները, Մեծամորի աշակերտական խորհրդի անդամները, Արմավիրի մարզպետի ախատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, Պաշտպանի և ՔՈԱՖ-ի ներկայացուցիչները, դպրոցի տնօրենությունն ու ուսուցչական կազմը:

Իր բացման խոսքում Անահիտ Մանասյանը շնորհավորել է դեկտեմբերի 10-ին նշվող Մարդու իրավունքների միջազգային օրվա և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 75-ամյակի առթիվ:

Պաշտպանը նշել է, որ հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ էր, որն առանձնահատուկ դերակատարություն ունեցավ արժանապատվության, հավասարության և իրավունքահեն արժեքների վրա կառուցված աշխարհակարգի ձևավորման ու զարգացման համար:

Հանդիպման ընթացքում երեխաներն իրենց հուզող հարցերն անմիջականորեն ուղղել են Պաշտպանին: Հարցերը վերաբերել են երեխաների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցականների իրավունքների պաշտպանությանը, բուլինգին, երեխաների նկատմամբ բռնության դրսևորումներին, կրթության իրավունքին, լսված լինելու և ազատորեն կարծիք արտահայտելու իրավունքին և այլն։

Աշակերտներին ներկայացվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու եղանակները:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է յուրաքանչյուր մարդու անհատական դերակատարության կարևորությունը համերաշխ ու հանդուրժող հասարակություն կառուցելու տեսանկյունից։ Պաշտպանը ներկայացրել է նաև իրավունքահեն մոտեցումների նշանակությունն այնպիսի հասարակական միջավայրի կայացման հարցում, որտեղ մարդն է բարձրագույն արժեքը։
Հանդիպման վերջում Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր քննարկման համար և պատրաստակամություն հայտնել երեխաներին հյուրընկալել Պաշտպանի աշխատակազմում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58