Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել մարզխորհրդի տարեվերջյան նիստը
22.12.2023
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզխորհրդի տարեվերջյան նիստը, որին մասնակցել են մարզի ուժային կառուցների ղեկավարները, ՋՕԸ-երի գործադիր տնօրենները, համայնքների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները:
Մարզխորհրդի նիստի օրակարգով հաստատված երկրորդ հարցի շրջանակում զեկույցով հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Արսեն Պետրոսյանը, ով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքներում ապաստանած արցախցիներին միջազգային կառույցների, հասարակական և/կամ բարեգործական կազմակերպությունների ու անհատ բարեգործների կողմից տրամադրվող օժանդակության բաշխումը արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ թեմայով:
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Լիաննա Հարությունյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքում 2023 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների և 2024 թվականին իրականացվելիք մարզի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողության աշխատանքային ծրագիրը:
Զեկույցի շրջանակում ներկայացվեց արձանագրված խախտումները, թերացումները, ինչպես նաև դրանց շտկման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Օրակարգի չորրորդ հարցի շուրջ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը ներկայացրեց Արմավիրի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2023 թվականի արդյունքների մասին, առ 20․12․2023թ․ դրությամբ:
20․12․2023 թվականի համար ՀՀ Արմավիրի մարզի համայնքների կողմից ընդամենը եկամուտների հավաքագրումը պլանավորվել է 14 մլրդ 094 մլն 543,5 հազար դրամ՝ 30․12․2022 թվականին պլանավորված 11 մլրդ 711մլն 228,2 հազ. դրամի համեմատ․ ավել է պլանավորվել 2 մլրդ 383մլն 315,3 հազար դրամով, 20.12.,2023թ դրությամբ փաստացի հավաքագրումը կազմել է 14մլրդ 071մլն 056,5 հազար դրամ , 30.12.2022թ թվականին հավաքագրված 11 մլրդ 441 մլն 798,6 հազար դրամի համեմատ, ավել է կատարվել 2մլրդ 629մլն 257,9 հազար դրամով, կատարվել է 99,8%-ով, նախորդ տարվա 97,7%-ի համեմատ:
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանը ամփոփեց պետական բյուջեով 2023 թվականին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզին հատկացված միջոցներով սուբվենցիոն ծրագրերի իրականացման արդյունքները և ներկայացրեց 2024 թվականի սուբվենցիաների հայտերը, ինչպես նաև սուբվենցիաների տրամադրման կարգում կատարված փոփոխությունները:
Նշվեց, որ 2023թ. ընթացքում ՀՀ կառավարության թվով 12 որոշումներով ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին սուբվենցիոն ծրագրերի պետական բյուջեի հատկացումը կազմում է ընդամենը 2 մլրդ 606 մլն 287,500 հազար ՀՀ դրամ (7 միավորված համայնքների 63 բնակավայրերի 118 ենթածրագրերի համար)։ Ցուցանիշը գերազանցում է 2022թ․ ցուցանիշը՝ 1 մլրդ դրամը:
Օրակարգի վեցերորդ հարցի շուրջ զեկույցով հանդես եկավ քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության կողմից օրենքով սահմանված կարգով Արմավիրի մարզպետի աշխատակազմում և մարզի համայնքապետարաններում պետական բյուջեից տրամադրված բյուջետային միջոցների նկատմամբ ֆինանսական, այդ թվում ստուգումների միջոցով անհրաժեշտ վերահսկողության կազմակերպման արդյունքների մասին:
Աշոտ Հովհաննիսյանը անդրադարձավ նաև Արմավիրի մարզում աղբահանության և սանիտարական մաքրության կազմակերպման որակին:
Արմավիրի մարզում 2023 թվականի ընթացքում ոռոգման համակարգերը սպասարկող ընկերությունների կողմից կատարված աշխատանքների, հիմնախնդիրների և գյուղատնտեսական մթերքների /խաղող, պտուղ–բանջարեղեն/ մթերումների արդյունքների մասին էլ զեկուցեց գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը:
Վերջինս ներկայացրեց, որ 2023 թվականին մարզում տեղակայված թվով 15 կազմակերպությունների կողմից մթերվել է 85770 տոննա գյուղատնտեսական մթերքներ՝ որից խաղող – 68445 տոննա, բանջարեղեն 10541 տոննա, որից լոլիկ – 7381 տոննա և 6784 տոննա պտուղ։
Ամփոփելով նիստը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց բոլորին 2023 թվականի ընթացքում համատեղ և արդյունավետ աշխատանքի համար:
Մարզպետը նշեց, որ այս տարին բարենպաստ էր հատկապես թե՛ մթերումների, թե՛ ոռոգման մասով, քանի որ ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունքում որևէ էական խնդիր չարձանագրվեց:
Համայնքների աշխատանքներն էականորեն տարբերվել են 2022 թվականի աշխատանքներից. դա արդյունք է եղել այն բանի, որ համատեղ ամենօրյա աշխատանքները միտված են եղել համայնքային կարողությունների զարգացմանը:
Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին և ուժային կառույցների ղեկավարներին, ովքեր համակ ուշադրությամբ հետևել են մարզում տեղի ունեցող բոլոր իրավախախտումներին, դրսևորել դրանց նկատմամբ պատշաճ հետևողականություն՝ նշելով, որ ունեցել են բարձր համագործակցություն:
Մարզպետը նշեց, որ այս տարի աննախադեպ է եղել եկամուտների հավաքագրումը, որոնք դեռևս վերջնական ամփոփված չեն և դրանց կանդրադառնանք առաջիկայում:
Վերջում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհավորեց բոլորի գալիք Նոր տարին՝ մաղթելով առողջություն, տոկունություն, համբերություն, Հայաստանի Հանրապետությանը՝ անվտանգություն և խաղաղություն։