Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալագրերով պարգևատրեց ՀՀ Արմավիրի մարզի առողջապահական հաստատությունների բուժաշխատողներին
22.12.2023
Սույն թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունեց ՀՀ Արմավիրի մարզի առողջապահական հաստատությունների տնօրեններին և մի շարք բուժաշխատողների:
Մարզպետը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց իրենց կատարած աշխատանքի համար՝ նշելով որ թեև 2023 թվականի ընթացքում տարբեր մարտահրավերներ հաղթահարվել են համատեղ աշխատանքի և համառ ջանքերի արդյունքում, բայց բազմաթիվ հարցեր կան, որոնք լուծում են պահանջում:
Մարզպետը նշեց, որ առողջապահության ոլորտում բոլորը պետք է իրենց առջև ամենամեծ նշաձողը դնեն և այնպես աշխատեն, որ Արմավիրի մարզի որևէ քաղաքացի մարզից դուրս այլ բժշկական հստատության չդիմի:
Էդվարդ Հովհաննիսյանը հավելեց, որ մարզի առողջապահական հաստատություններում պետական բյուջեի միջոցներով իրականացվում են բազմաթիվ լայնածավալ ծրագրեր, որոնք էականորեն կփոխեն մարզի բնակչության վերաբերմունքը բուժհաստատությունների նկատմամբ:
«Հիվանդանոցները պետք է դառնան այն վստահելի կենտրոնները, որտեղ յուրաքանչյուր շահառու իրեն կզգա ապահով և անվտանգ: Այստեղ էապես մեծ է բժշկի և բուժաշխատողի դերը, ովքեր պետք է լինեն սրտացավ և իրենց աշխատանքին նվիրված, իսկ լավագույն աշխատակիցները մշտապես կլինեն գնահատված»,- հավելեց մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը:
Ամփոփելով իր խոսքը՝ մարզպետը շնորհավորեց բուժաշխատողների գալիք Նոր տարին՝ մաղթելով առողջություն, մասնագիտական զարգացում և հաջողություն բոլոր բնագավառներում:
Հանդիպման վերջում Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալագրեր հանձնեց իրենց գործին նվիրված և բարեխիղճ բուժաշխատողներին: