Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքը տարեմուտի առթիվ

31.12.2023

Հարգելի՛ հայրենակիցներ, Արմավիրի մարզի հարգելի´ բնակիչներ,

Հաշված ժամեր անց հրաժեշտ կտանք բազում ձեռքբերումներով, և, ցավոք, նաև կորուստներով 2023 թվականին և, նոր հույսերով, առավել նպատակային գործունեություն ծավալելու վճռականությամբ ու շարունակական հաջողությունների սպասումով մուտք կգործենք 2024 թվական։

Սիրելի՛ արմավիրցիներ, 2023 թվականը մարզում աննախադեպ էր իր ծրագրերի քանակով, իրականացրած շինարարական և բազում այլ աշխատանքներով։

Անգամ բարդ ու դժվարին մարտահրավերներով լեցուն անցնող տարում Արմավիրում շարունակել ենք նորոգել, կառուցել, զարգացում ապահովել տարբեր ոլորտներում, ու դա պետական տարբեր օղակների ու բոլորիդ համատեղ ջանքերի շնորհիվ է, որն էլ մարզի հանդեպ սիրո ու մեր հողին ամուր կանգնած լինելու ապացույցն է։

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ վստահության, աջակցության, ներդրման ու քրտնաջան աշխատանքի, մարզի կյանքին ակտիվ մասնակցության համար։

Սիրելի՛ ​ հայրենակիցներ, այսօր մենք ունենք ևս մեկ կարևոր առաքելություն՝ կանգնել յուրաքանչյուր արցախցու կողքին և այնպես անել, որ մեր հայրենակիցներն իրենց ապահով և անվտանգ զգան մեր հայրենիքում։

​Բոլորիս մաղթում եմ անսահման համբերություն, սեր, հավատ, բարություն ու նվիրում, հանդուրժողականություն և ներողամտություն միմյանց նկատմամբ: Ցանկանում եմ ընդգծել, որ ​ մեր համատեղ ջանքերը պետք է միտված լինեն  ինքնիշխանության ամրապնդմանը, կայուն զարգացող պետություն ունենալուն։ Մենք պետք է առաջնորդվենք այն գիտակցումով, որ ուժեղ ու զարգացող պետությունը նախ երաշխիքն է ամուր և առողջ ընտանիքների, ինքնաբավ ու երջանիկ հասարակության։

Թող այսուհետ մայրական ​ օրհնանքն ու հայրենի հողի սատար ուժը նեցուկ լինեն սահմանին կանգնած մեր զինվորին, ու թող մեր սահմանը պահող հայորդիներն ապահով և անփորձանք վերադառնան տուն: Իսկ հայրենի հողի պաշտպանության համար նահատակված մեր քաջարի հերոսները թող հանգչեն խաղաղությամբ։ Խունկ ու խոնարհում նրանց հիշատակին։

Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ամանորը՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, ​ բարօրություն​ և անսպառ երջանկություն։

Թող 2024 թվականը արդարացնի բոլորիդ սպասումներն ու նվիրական իղձերը։

Հարատև խաղաղություն ու բարեկեցություն մեր Հայրենիքին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 17:57:42