Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաշմանդամություն ունեցող անձանց խնամակալությունը կվարձատրվի․ մեկնարկում է անձնական օգնականի ծառայությունը
04.01.2024
ՀՀ կառավարության այսօրվա նիստով հավանության է արժանացել Կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող մարդկանց տրամադրել անձնական օգնականի ծառայություն։ Նախագիծը բխում է 2021-2026 թթ․Կառավարության ծրագրի այն կետից, որ Կառավարությունը հանձնառություն է վերցրել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ և արժանապատիվ կյանք ապահովելու համար ստեղծել նոր ծառայություններ։
Ծառայության ներդրման նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձին անկախ ապրելուն, իր համայնքում ներառելուն՝ բացառելով նրա մեկուսացումը համայնքից։
Անձնական օգնականի ծառայությունն իր մեջ ներառում է ինչպես շահառուի, այնպես էլ շահառուի միջավայրային արգելքները հաղթահարելուն, այդ թվում՝ տեղաշարժվելուն, հաղորդակցվելուն ուղղված գործողությունները։ Եթե նախկինում գործող որոշման համաձայն՝ ծառայություն ստանալու իրավունք են ունեցել միայն հենաշարժողական, տեսողական և հոգևոր կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, ում ընտանիքը հաշվառված է եղել ընտանիքի անապահովության գնահատման համակարգում և ունեցել է 10–ից բարձր անապահովության միավոր, ապա այս նախագծով ընդլայնվում է անձնական օգնականի ծառայության թիրախային խումբը և ծառայություն է մատուցվելու հենաշարժողական, տեսողության և հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խոր կամ ծանր աստիճանի, մտավոր խնդիրներով անձանց դեպքում՝ նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող՝ 15 տարին լրացած անձանց՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք գտնվում են նպաստի համակարգում, թե ոչ։
Հաշմանդամություն ունեցող անձը կարող է որպես անձնական օգնական ներկայացնել նաև իր նախընտրելի թեկնածուին, իսկ թեկնածու չունենալու դեպքում ընտրությունը կատարվում է Միասնական սոցիալական ծառայությունում հաշվառված անձնական օգնականի առցանց հարթակում առկա վերապատրաստված թեկնածուներից։
Անձնական օգնականին 1 ժամվա համար նախատեսվում է սահմանել 1050 դրամ աշխատավարձ՝ ներառյալ հարկերը: