Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2024 թվականի անդրանիկ նիստը

16.02.2024

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի փոքր դահլիճում այսօր մարզպետ Դավիթ Խուդաթյանի նախագահությամբ տեղի է ունեցել մարզի խորհրդի 2024 թվականի անդրանիկ նիստը, որին մասնակցել են մարզի համայնքների ղեկավարները և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները:

Մարզխորհրդի նիստի օրակարգով հաստատված հարցերի շրջանակում Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է մարզպետի աշխատակազմի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը, որն իր մեջ ներառել է ըստ ոլորտների իրականացված աշխատանքները, գրանցված արդյունքները և նախատեսվող ծրագրերը:

Մարզպետն ընդգծել է, որ, ընդհանուր առմամբ, 2023 թվականի ընթացքում մարզպետի աշխատակազմի գործունեությունը եղել է աշխատաշատ և բովանդակալից։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր ուղղություններով ապահովվել է աճ։ Ֆինանսական բնագավառում ՀՀ Արմավիրի մարզում 2023թ․ ընդամենը եկամուտների հավաքագրումը պլանավորվել է 14,196,933.4 հազ․ դրամ՝ 2022թ․ պլանավորված 11,711, 228․2 հազ․ դրամի համեմատ։ 2023թ․ տարեկան կատարողականը 30․12․2023թ․ դրությամբ կազմել է 14,656,745.1 հազ․ դրամ, նախորդ տարվա 11,441,798,6հազ․ դրամի համեմատ։ Կատարողականը կազմել է 103.2%, նախորդ տարվա 97,7%-ի համեմատ:

Մարզպետ Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ճանապարհաշինության բնագավառում ընդհանուր օգտագործման միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և շահագործման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ հավելելով, որ ՀՀ Արմավիրի մարզի ավտոմոբիլային ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 604,7կմ, որից՝

  • միջպետական նշանակության՝ 90,3կմ,
  • հանրապետական նշանակության՝ 124,5կմ,
  •  մարզային /տեղական/ նշանակության 393,8կմ։

Մարզի ընդհանուր օգտագործման մարզային/տեղական/ նշանակության ավտոմոբիլային ճանապարհներից վատ և շատ վատ վիճակում են գտնվում 101,0կմ-ը։ 2023թ․ ընթացքում հիմնանորգվել և վերանորոգվել են սուբվենցիոն ծրագրերով 19,7կմ և ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ 28,36կմ ճանապարհներ։

ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքում 2023 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների և 2024 թվականին իրականացվելիք մարզի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողության աշխատանքային ծրագրի մասին է ներկայացրել մարզպետի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Լիաննա Հարությունյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ գործունեության արդյունքում կազմված արձանագրությունները, կից նյութերը ներկայացվել են լիազոր մարմին և հրապարակվել մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքում:

Օրակարգային հաջորդ զեկույցով քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Խորեն Սարուխանյանը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության կողմից մարզի համայնքապետարաններում պետական բյուջեից տրամադրված բյուջետային միջոցների նկատմամբ ֆինանսական, այդ թվում ստուգումների միջոցով անհրաժեշտ վերահսկողության կազմակերպման արդյունքները։

2024 թվականի ընթացքում շարունակվող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի և իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանը։

Նա մասնավորապես նշել է, որ 2022թ․ հաստատված 41 սուբվենցիոն ծրագրերի 147 ենթածրագրերից ավարտվել են 110 ենթածրագրեր, 2024 թվական են տեղափոխվել 37 ենթածրագրեր, որից՝ 3-ը ֆինանսավորման մասով, 11-ը՝ և շինարարության, և ֆինանսավորման մասով, և ականկալվում է, որ կսկսվեն դեռևս չսկսված 23 ենթածրագրերի շինարարական աշխատանքները։ Այնուհետև ավելացրել է, որ 2024 թվական են տեղափոխվել 2022թ. թվով 14 և 2023թ. հավանության արժանացած և մինչև 2023թ․ տարեվերջ չավարտված 88 սուբվենցիոն ենթածրագրերը (145 ենթածրեգրերից ավարտվել է 57-ը)։ Միաժամանակ զեկուցել է 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի իրականացման և 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտերի կազմման գործընթացի մեկնարկի վերաբերյալ։

Մարզխորհրդի նիստն ավարտվել է օրակարգային և ընթացիկ հարցերի քննարկման ամփոփմամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58