Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի վերաբրյալ իրազեկման նպատակով կազմակերպվել էր հանդիպում-քննարկում
04.03.2024
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի վերաբրյալ իրազեկման նպատակով մարտի 4-ին հանդիպում-քննարկում էր կազմակերպվել Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում:
Քննարկումը վարում էր Արմավիրի մարզպետի խորհրդական Խաչատուր Մկրտչյանը: Ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, մարզի համայնքների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ծրագրի պատասխանատուները:
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) ֆինանսավորմամբ: Ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության հետ՝ համաֆինանսավորելով պետական սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքների ներկայացրած հայտերը, ինչպես նաև տեխնիկական օժանդակություն տրամադրելով սուբվենցիոն հայտերի լրացման հարցում, նախագծերի մշակման և շինարարության իրականացման փուլերում։
Ծրագրի պատասխանատուները նշեցին, որ ծրագրի առաջնային նպատակը շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված գործողություններին աջակցելն է` նպաստելով այդ շենքերի բնակիչների և սեփականատերերի՝ էներգիայի ու դրամական միջոցների էական տնտեսմանը, այդ թվում՝ նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները: Նշվել է նաև, որ Էներգաարդյունավետ արդիականացումն օգնում է համայնքներին ու համայնքի բնակիչներին խնայել էներգիայի վրա ծախսվող ֆինանսական ռեսուրսների 20-50%-ը:
Մասնավորապես, ՄԱԶԾ-ի դրամաշնորհային համաֆինանսավորումը բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման դեպքում կազմում է շինարարության արժեքի 25%-ը, իսկ հանրային և համայնքապատկան շենքերի՝ 20%-ը:
Հանդիպման մասնակիցները հանգամանորեն քննարկել են նաև ծրագրին մասնակցության հնարավորությունները: