Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները Արմավիրի մարզում հանդիպում ունեցան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արմավիրի մարզում հաստատված բնակչության հետ

08.04.2024

Էջմիածին քաղաքի մշակույթի տան դահլիճում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արմավիրի մարզում հաստատված բնակչության հետ հանդիպեցին Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Ցիրունյանը, Լիլիթ Մինասյանը, Ալխաս Ղազարյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանը, Միգրացիոն ծառայության աշխատակից Աննա Մակարյանը։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Արմավիրի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցները։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից իրականացված սոցիալական աջակցության այն բոլոր ծրագրերը, որոնցից օգտվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հարյուր հազարից ավելի մեր հայրենակիցները, հավելելով, որ «40 + 10 հազար» ծրագիրը ՀՀ կառավարությունը շարունակելու է մինչև տարեվերջ։

Այնուհետև Դավիթ Խաչատրյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչների համար բնակարանային ապահովման ծրագիրը, որով նախատեսվում է այն իրականացնել առաջիկա 5 տարիների ընթացքում՝ սերտիֆիկատների տրամադրման միջոցով։
Ծրագրով նախատեսվում է բնակարան գնելու կամ կառուցելու համար մեկ անձի հաշվարկով հատկացնել 3–5 միլիոն դրամ։

Առաջին հերթին ծրագրի շահառու են դառնալու այն ընտանիքները, որոնց կազմում կան 3 կամ ավել անչափահաս, զոհված զինծառայողների ընտանիքները, որոնք նույնպես ունեն անչափահասներ, ինչպես նաև խոցելիության որոշակի մակարդակ ունեցող ընտանիքները։ Այնուհետ ծրագրից կօգտվեն այն ընտանիքները, որտեղ կա 2 կամ ավել անչափահաս երեխա, ապա այլ խմբերի ներկայացուցիչները։

Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի։

ՀՀ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանը ներկայացրեց ԼՂ–ից բռնի տեղահանված մեր քաղաքացիների աշխատանքի, առողջապահական, կրթական, թոշակների և նպաստների վճարման, փաստաթղթերի կարգավորման հետ կապված ծրագրերին առնչվող որոշակի մանրամասներ, նշելով, որ Հայաստանի դպրոցներում հանրակրթության մեջ այս պահին ներգրավված են ԼՂ-ից բռնի տեղահանված 17 ,000 աշակերտ իսկ առողջության պահպանման առաջնային օղակում կցագրված են շուրջ 72 000 հոգի։ Ներդրվել է կենսաթոշակների և նպաստների տրամադրման ավելի հեշտացված կարգ։

Իրականացված և նախատեսվող ծրագրերի ներկայացումից հետո ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները պարզաբանումներ տվեցին
նաև ԼՂ–ից բռնի տեղահանված մեր քաղաքացիների աշխատանքի, առողջապահական, կրթական, փաստաթղթերի կարգավորման հետ կապված ծրագրերին առնչվող որոշակի հարցերի։

Իրականացված և նախատեսվող ծրագրերի ներկայացումից հետո մեր հայրենակիցները հնարավորություն ունեցան բարձրացնելու իրենց հետաքրքրող բոլոր հարցերը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 12:25:09