Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկում է «ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ընդունման փուլը
03.06.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ:
Ամենամյա մրցույթի նպատակն է աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, խթանել ՏԻՄ-երի կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքները և ծրագրերի ծավալների մեծացման գործընթացը և այլն։
Մայրաքաղաք Երևանը չի մասնակցում մրցույթին։ Նույն քաղաքը չի կարող երկու անգամ անընդմեջ ճանաչվել ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք։
Յուրաքանչյուր տարի մրցույթի կազմակերպման և անցկացման աշխատանքների իրականացման համար ստեղծվում են մրցութային հանձնաժողով և փորձագիտական գնահատման խումբ:
Մրցույթի արդյունքներն ամփոփվում և հաստատվում են մրցութային հանձնաժողովի կողմից՝ փորձագիտական գնահատման երկու բաղադրիչների և SMS քվեարկության համադրությամբ։
Մրցույթին կարող են դիմել քաղաքային բնակավայր ունեցող համայնքը կամ նրա կազմում ներառված առանձին քաղաքային բնակավայրը։
Մրցույթի արդյունքներով երիտասարդական մայրաքաղաք հռչակված քաղաքը դիտարկվում է որպես երիտասարդական, մշակութային, սպորտային միջոցառումների և նախաձեռնությունների իրականացման առաջնահերթ վայր:
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են հունիսի 3-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ։
Հայտերի՝ մրցույթի իրականացման կանոնակարգի պահանջներին համապատասխան ներկայացման և պատշաճ լրացմանն աջակցության նպատակով հունիսի 24-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԿԳՄՍՆ-ում տեղի կունենա խորհրդատվական հանդիպում՝ նախատեսված այն քաղաքների/համայնքների ներկայացուցիչների համար, որոնք պատրաստվում են հայտ ներկայացնել:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունիսի 19-ը youth@escs.am էլ.փոստին ուղարկել մասնակցի(ների) մասին տեղեկատվություն՝ նշելով անունը, ազգանունը, ստորաբաժանումը, պաշտոնը, բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն։
Նշենք, որ մրցույթն իրականացվում է 2014 թվականից ի վեր։ ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքը եղել է Սիսիանը, հաջորդիվ՝ Ստեփանավանը (2015), Գյումրին (2016), Չարենցավանը (2017), Իջևանը (2018), Վանաձորը (2019), 2020-ին մրցույթը չի կայացել՝ համավարակով և 44-օրյա պատերազմով պայմանավորված, այնուհետ՝ Կապանը (2021), Հրազդանը` 2022-ին, Մեծամորը՝ 2023 թ.։ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Գավառն է։
Աղբյուր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն