Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն հունիսի 29-ին այցելել է Վաղարշապատի թիվ 3 և թիվ 4 հիմնական դպրոցներ` հետևելու ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստման դասընթացին

01.07.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն հունիսի 29-ին այցելել է Վաղարշապատի թիվ 3 և թիվ 4 հիմնական դպրոցներ, որտեղ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ համատեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստման դասընթացը՝ լաբորատոր սարքավորումների գործարկման և բնագիտական լաբորատորիաների ուղղությամբ ուսուցիչների կարողությունների զարգացման նպատակով:

Ծրագրի շրջանակում իրականացվելու է «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների շուրջ 1000 ուսուցչի վերապատրաստում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանի ուղեկցությամբ շրջել է դասասենյակներով, հետևել վերապատրաստումների ընթացքին, զրուցել ուսուցիչների հետ և հաջողություն մաղթել նրանց: Ողջունելով վերապատրաստմանը մասնակցող ուսուցիչներին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել պատրաստակամության և տրամադրած ժամանակի համար։ Նա ընդգծել է՝ կառավարության ծրագրով առանձին թիրախ է սահմանված` հանրապետության բոլոր դպրոցները պետք է ունենան բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ:

«Սարքավորումներն արդեն տրամադրված են, բայց, իհարկե, կարիք ունենք ջանքեր գործադրելու, որպեսզի արված ներդրումները լինեն արդյունավետ, և այդ սարքավորումներն իրապես դառնան կրթական գործընթացի մաս: Իսկապես շատ բարդ է այս առարկաները բացատրել ու ներկայացնել այնպիսի պայմաններում, երբ չկան գործնական հնարավորություններ: Այսօր այդ միջավայրը ձևավորված է. կարիք ունենք այն ավելի արդյունավետ օգտագործելու: Նախկինում ունեցել ենք դեպքեր, երբ բավականին մեծ թվով սարքավորումներ են տրամադրվել դպրոցներին, սակայն դրանք խնամքով պահպանվել են փակ սենյակներում: Այդ սարքավորումներն առաջին հերթին տրամադրվում են օգտագործման համար։

Նպատակը մեկն է՝ լաբորատորիաները չպահել դատարկ՝ առանց երեխաների, առանց նախագծերի ու դասընթացների, այլ դրանք վերածել ուսումնական ակտիվ միջավայրի»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ծրագիրն իրականացվում է ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի «Հանրակրթական դպրոցների վերազինում» ենթաբաղադրիչի շրջանակում, որի արդյունքում հանրակրթական դպրոցների դասավանդման և ուսուցման պայմանների բարելավման նպատակով ՀՀ մի քանի մարզերի դպրոցներում հիմնվել են շուրջ 160 լաբորատորիաներ, որոնք համալրվում են բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումներով, անհրաժեշտ կահույքով և ուսումնական նյութերով: Արմավիրն այս ծրագրում ներառված առաջին մարզն է։ Արմավիրի մարզում ամբողջությամբ ստեղծվել և կահավորվել են 88 դպրոցների լաբորատորիաներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:44:42