Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել դպրոցների տնօրենների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը
23.08.2024
Մարզպետ Դավիթ Խուդաթյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի հետ այսօր ներկա է գտնվել Արմավիրի մարզկենտրոնում կազմակերպված կրթական էքսպոյին, որն անցկացվում է առաջին անգամ՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենների, նրանց տեղակալների, ուսուցիչների և խմբավարների մասնակցությամբ։
Էքսպոյի շրջանակներում նրանք ծանոթացել են մարզի կրթօջախների կողմից ներկայացված նախագծային աշխատանքներին, զրուցել մանկավարժների և աշակերտների հետ, հետաքրքրվել անելիքներով ու նախաձեռնություններով:
Այնուհետև մարզպետն ու նախարարի տեղակալը մասնակցել են 2024-2025 ուստարվա մեկնարկին ընդառաջ անցկացվող դպրոցների տնօրենների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությանը, որի ժամանակ Արաքսիա Սվաջյանը շնորհակալագրեր է հանձնել չափորոշչի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում կրթության բնագավառում ամսվա կտրվածքով լավագույնը ճանաչված աշխատակիցներին։
Մարզպետ Դավիթ Խուդաթյանն իր խոսքում շնորհավորել է ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, ցանկացել խաղաղ և արդյունավետ աշխատանք, վստահեցրել, որ ՀՀ կառավարությունը գնահատում է ուսուցչի աշխատանքը և առավելագույնն է անում ոլորտի զարգացման համար: