Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեծ հանդիսավորության մեկնարկեց <<Խոյ համայնքի սպորտի փառատոն 2024>> սպորտային երկրորդ մրցաշարը
04.10.2024
Աշխատանքային օրվա ընթացքում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի, Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների հետ Խոյ համայնքի Արագածի Մեխակ Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցի նորակառույց հանդիսությունների դահլիճում ներկա է գտնվել <<Խոյ համայնքի սպորտի փառատոն 2024>> սպորտային երկրորդ մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը ներկա էին նաև Խոյ համայնքում բնակվող և սպորտային հաջողություններ գրանցած մարզիկները, դպրոցների տնօրեններ, բնակիչներ և այլ հյուրեր:
Փառատոնի մեկնարկը տրվեց Մեխակ Մեխակյանի կիսանդրու առաջ ծաղկեդրմամբ, որից հետո տեղի ունեցավ փառատոնի հանդիսավոր բացումը։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց Խոյ համայնքի սպորտային կյանքի ընթացքը, մինչև այսօր ունեցած ձեռքբերումները, որից հետո ներկայացվեց Խոյի համայնքապետարանի նախաձեռնությամբ ստեղծված թեմատիկ մեդալները, որոնք խորհրդանշում էին համայնքն ու իր խորհրդանիշները:
Ողջունելով ներկաներին ու փառատոնի մասնակիցներին` մարզի ղեկավարն իր խոսքում նշեց, որ շատ կարևոր են մասսայական սպորտի զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերը, որոնք միտված են ֆիզիկապես առողջ և ուժեղ քաղաքացիներ ունենալուն, առողջ ապրելակերպի խրախուսմանը: Սա նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է, որի արդյունքում Արմավիրի մարզի տարբեր համայնքներում միայն 2024 թվականին բացվել են 9 մարզադահլիճներ, արհեստական խոտածածկով ֆուտբոլի թվով 10 դաշտեր, ծանրամարտի մարզադպրոց:
Սպորտային փառատոնի խաղերի մասնակիցներին մարզպետ Դավիթ Խուդաթյանը մաղթեց առողջ մրցակցություն, բարձր տրամադրություն և առանց վնասվածքների խաղեր։
Նշենք, որ սպորտային խաղերում ընդգրկված են 8 մարզաձևեր`դուքենդո, ծանրամարտ, խառը մենամարտեր, ազատ ոճի ըմբշամարտ, մուայ թայ, բռնցքամարտ, կարատե դո, ֆուտբոլ:
Նախնական մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ 1000 մարզիկ, որոնք ոչ միայն Արմավիրի մարզից են, այլև Արարատի, Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի մարզերից:
Մրցումների ավարտը և փառատոնի փակումը նախատեսված է հոկտեմբերի 26-ին։