Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն
18.10.2024
2024 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը ուսումնական հաստատությունում» թեմայով։
Միջոցառման նպատակն էր ստուգել և կատարելագործել արձագանքող ուժերի և կազմակերպության կազմավորումների գործնական հմտությունները, փոխգործակցության կազմակերպումը և գործողությունների ներդաշնակումը՝ որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման դեպքում:
Ուսումնավարժությանը ներգրավված էին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը, Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնից 1 պարեկային խումբ, «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապ բուժօգնության ծառայությունից 1 գծային բրիգադ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Մուսալեռ մասնաճյուղի Արմավիրի էլեկտրոցանցից վթարավերականգնողական խումբ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արմավիրի գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղից 1 վթարային խումբ։
Համաձայն ուսումնավարժության պլանի բացազատվել էին 3 ուսումնական կետեր, որոնցում պայմանականորեն ստեղծված իրավիճակը հետևյալն էր՝ «Քոլեջի երրորդ մասնաշենքի հիմքային մասի թուլացման պատճառով տեղի էր ունեցել հիմնական ամրաններից կոնստրուկցիաների անջատում, որի հետևանքով աստիճանավանդակները մասնակի փլուզվել էին: 1-ին հարկի դասասենյակներից մեկում տասը ուսանող հայտնվել էր արգելափակման մեջ, որոնցից երեքն ունեին մարմնական վնասվածքներ: Էլեկտրական լարերի կարճ միացումից 2-րդ հարկում հրդեհ էր բռնկվել, մեկ ուսանող մնացել էր հարկում։ Կաթսայատան մոտ վնասվել էր գազի խողովակը, և առկա էր գազի արտահոսք»:
1-ին ուսումնական կետում իրականացվեցին որոնողափրկարարական, տարահանման և հրդեհաշիջման աշխատանքներ։
2-րդ ուսումնական կետում ծավալվեց ժամանակավոր բուժկետ։
3-րդ ուսումնական կետում իրականացվեցին վթարավերականգնողական աշխատանքներ։
Բոլոր ուսումնական կետերում և քոլեջի հարակից տարածքներում ոստիկանության հաշվարկներն իրականացրին երթևեկության սահմանափակման և հասարակական կարգի պահպանության միջոցառումներ։
Ուսումնավարժության եզրափակիչ մասում գնահատվեցին ուսուցանվողների գործողություները, նշվեցին առավելություններն ու թերությունները, տրվեցին հանձնարարականներ թերությունների վերացման ուղղությամբ։