Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը
05.12.2024
Այսօր տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը։ Խորհրդի նիստը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նիստին մասնակցել է նաև ՀՀ Արմավիրի նորանշանակ մրազպետ Արգիշտի Մեխակյանը։
ՏԿԵ նախարար, խորհրդի նախագահ Դավիթ Խուդաթյանը ողջունել է խորհրդի անդամներին և համոզմունք հայտնել, որ խորհրդի անդամների ջանքերի համախմբումը կհանգեցնի տեսանելի արդյունքների, և կկարողանան ապահովել տեղահանված հայրենակիցների կյանքի որակի բարձրացում։
Նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց։ Զեկուցվող առաջին հարցը վերաբերում էր զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրերին։ Հարցը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։
Երկրորդ հարցը վերաբերել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացիկ իրավիճակին, որը զեկուցել է Աննա Ժամակոչյանը։
ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը տեղեկացրել է, որ այս պահին, ըստ ՊԵԿ-ի փոխանցած տվյալների, 25000 տեղահանված գրանցված աշխատանք ունի։
«ՄՍԾ-ի միջոցով այս պահին աշխատանքի ապահովման երկու ձև է գործում՝ ուղիղ գործատուի միջոցով և աշխատանքային պրակտիկայի, ուսուցման տեսքով»,- նշել է ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալը։
ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ խոսելով ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին, նշել է, որ այս պահին մի քանի ուղղություններով փորձում են այն լավարկել։ Դրանք վերաբերում են ձեռք բերվող, կառուցվող բնակելի տարածքների մակերեսներին, տուն կառուցելու համար ձեռք բերվող հողատարածքի գումարի շեմի բարձրացմանը, հողամասի նվազագույն մակերեսի սահմանմանը: Երկրորդ փուլի շահառուներին ևս հնարավորություն կընձեռնվի դիմել ծրագրին, եթե վճարունակ ճանաչվեն։
Խորհրդի նիստին մասկացել է նաև ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նորանշանակ պետ Նելլի Դավթյանը։
Խորհրդի անդամները զեկուցվող հարցերի վերաբերյալ հայտնել են իրենց տեսակետները և առաջարկները։
Ծավալվել է հարցուպատասխան։