Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ ներդնելու հուշագիր է ստորագրվել
24.01.2025
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության եւ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության միջև այսօր ստորագրվել է հուշագիր, որի նպատակն է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատան Ղ․ Աբգարյանի անվան և Արաքս համայնքի Մեծամորի միջնակարգ դպրոցներում ներդնել «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ։
Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով աշխատանոցների բացման աջակիցներ Գևորգ Մաչանյանին և Սարգիս Կարապետյանին՝ մարզպետ Արգիշտի Մեխակյանը կարևորել է «Արմաթ»–ի նշանակությունը դպրոցականների կյանքում՝ կրթությունը համարելով հիմնաքար բոլոր մարտահրավերներին դիմակայելու համար։
Հավելենք, որ աշխատանոցները կգործարկվեն մինչև 2025 թվականի մայիս ամիսը և հնարավորություն կընձեռեն վերոնշյալ կրթօջախների և հարակից տարածքների դպրոցների աշակերտներին սովորելու համակարգչային ծրագրավորում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում, ստեղծելու նախագծեր և նպաստելու դպրոցի ու համայնքի խնդիրների լուծմանը։
Տեղեկացնում ենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը մեծ կարևորություն է տալիս կրթության և տեխնոլոգիական զարգացման ոլորտներին՝ համագործակցելով տեղական և միջազգային գործընկերների հետ: Բանկն ակտիվորեն ներդրումներ է կատարում երիտասարդ սերնդի կրթության զարգացման գործում, որը հանդիսանում է Հայաստանի ապագա տնտեսական և տեխնոլոգիական առաջընթացի կարևոր բաղադրիչ: Բանկը հայտնի է իր սոցիալական պատասխանատվությամբ՝ մշտապես նախաձեռնելով ծրագրեր, որոնք նպաստում են հասարակության բարելավմանը և համայնքների զարգացմանը։