Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Արգիշտի Մեխակյանը հանդիպում է ունեցել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական մասի համակարգողների հետ
28.02.2025
Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Արգիշտի Մեխակյանը հանդիպում է ունեցել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական մասի համակարգողների հետ։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը, Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, Արմավիրի մարզպետի օգնական Մանվել Մելիքյանը, աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, ինչպես նաև դպրոցի տնօրեններն ու վարչատնտեսական մասի համակարգողները։
Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը ներկայացրեց խորհրդակցության նպատակը և անդրադարձ կատարեց մի շարք առանցքային հարցերի։
Մասնավորապես՝ Արգիշտի Մեխակյանը հանձնարարեց հետևողական լինել և դպրոցներում բացառել դրամահավաքության ցանկացած դեպք կամ այլ արատավոր երևույթ։ Այնուհետև անդրադարձավ մարզում ուսուցիչների կամավոր ատեստավորման վերջին տարվա բարձր ցուցանիշներին՝ հորդորելով նպաստել ուսուցիչների մոտիվացիայի բարձրացմանը։ Միաժամանակ կարևորեց շարունակական քայլերի իրականացումը՝ ուսուցիչների հետաքրքրությունը մեծացնելու համար։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը ներկայացրեց պետական կրթական ծրագրերը, ինչպես նաև գույքագրեց խորհրդակցության ընթացքում նշված բոլոր խնդիրները։
Խորհրդակցության ավարտին դպրոցների տնօրեններն ու վարչատնտեսական մասի համակարգողները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, որոնց տրվեցին մանրամասն պարզաբանումներ։