Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը մասնակցել է համայնքի նոր վարչական շենքի բացման արարողությանը
04.03.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը մարտի 4-ին աշխատանքային այցով եղել է Մեծամոր քաղաքում, որտեղ Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի հետ մասնակցել է համայնքի նոր վարչական շենքի բացման արարողությանը:
Վարչական շենքի բացմանը ներկա էին նաև Արմավիրի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները, համայնքապետարանի աշխատակիցները, Մեծամոր համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները և այլոք:
Մարզպետը շրջել է շենքում, ծանոթացել նոր աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ շնորհավորելով նրանց բարեկարգ ու հարմարավետ աշխատանքային պայմաններ ունենալու առթիվ:
Համայնքապետարանի վարչական շենքը կահավորվել է ժամանակակից տեխնիկայով ու ապահովվել ինտերնետ-կապով:
Նշենք, որ Մեծամոր համայնքի նախկին պոլիկլինիկայի շենքը Մեծամորի համայնքապետարանի վարչական շենք դարձնելու նպատակով սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել էր։
Ծրագրի ընդհանուր արժեքը 252.4 մլն ՀՀ դրամ է, որը ֆինանսավորվել է 35%-ով պետական և 65%-ով համայնքային բյուջեներով։
Այնուհետև նիստերի դահլիճում մարզպետ Արգիշտի Մեխակյանը համայնքի ղեկավարի և Մեծամոր համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ մասնակցել է 2026 թվականի սուբվենցիոն հայտերի քննարկմանը։
Աշխատանքային օրն ամփոփվել է ԼՂ-ից բռնի տեղահանված և Մեծամոր համայնքում բնակվող մեր հայրենակիցների հետ հանդիպմամբ։
Հանդիպման սկզբում մարզի ղեկավարը ողջունել է ներկաներին, որից հետո ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հաստատված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները, ինչպես նաև ներկա պահին պետության կողմից իրականացվող բարեփոխումները։
Հանդիպման վերջում ԼՂ բռնի տեղահանված բնակիչները բարձրացրեցին իրենց մտահոգող հարցերը, որոնց տրվեցին պարզաբանումներ: