Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրում կառուցվող Հայաստանի ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջի շինհրապարակ
07.03.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, Փարաքարի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանի, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի, Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, Փարաքար խոշորացված համայնքի բնակավայրերի դպրոցների տնօրենների և ավագ դասարաններում սովորող աշակերտների հետ այցելել է Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրում կառուցվող Հայաստանի ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջի շինհրապարակ։
Շրջայցի ընթացքում մարզպետը ծանոթացել է քոլեջի նախագծային լուծումներին, իրականացված աշխատանքներին և առաջիկայում նախատեսվող ծրագրերին։
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը ներկայացրեց քոլեջի առաքելությունն ու ծրագրերը։
Արգիշտի Մեխակյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց նման կարևոր կրթական հաստատության ստեղծման համար, որից հետո ներկայացրեց այցի նպատակը՝ նշելով, որ քոլեջը ապագայում դառնալու է ոչ միայն Փարաքար համայնքի և Արմավիրի մարզի տարբեր բնակավայրերի երիտասարդների զարգացման լուրջ գործոն, այլև Երևանի և այլ մարզերի համար՝ դառնալով պահանջված և մրցակցային կրթական հաստատություն։
Մարզի ղեկավարը նշեց նաև, որ քոլեջում սովորելու են բարձր առաջադիմություն ունեցող աշակերտները, ինչը կապահովի առողջ մրցակցություն կրթության ոլորտում։
Ներկայումս քոլեջի շենքը գրեթե պատրաստ է, և այս պահին ընթանում են ներքին հարդարման աշխատանքները։
Քոլեջը պետական լիցենզիա ստացած մասնավոր կրթական հաստատություն է, որը նախատեսված է 9-րդ դասարանի ավարտական վկայական ունեցող երիտասարդների համար։ Այստեղ նրանք կարող են շարունակել իրենց կրթությունը 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում։
Քոլեջում նախատեսվում են երեք բաժիններ՝ Համակարգչային գիտություն, Թվային արվեստ և Ինժեներություն/արտադրություն։
Քոլեջի շինարարությունն ամբողջությամբ ֆինանսավորվել է սփյուռքահայ բարերար Նշան Կարայանի կողմից, իսկ գործարկման ներդրումը և աջակցությունն իրականացվել է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (GITC) կողմից՝ Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ։
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մայիսի վերջին, իսկ պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսին։
Ուսումնական գործընթացը կմեկնարկի սեպտեմբերին։