Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ջրառատ գյուղի հիմնանորոգված մանկապարտեզն իր դռները բացեց բնակավայրի փոքրիկների առջև
10.03.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի հետ այսօր մասնակցել է Ջրառատ բնակավայրի մանկապարտեզի բացման արարողությանը, որին ներկա էին նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, համայնքապետարանի աշխատակիցները, համայնքի վարչական ղեկավարները, բնակիչներ և այլոք:
Համայնքի ղեկավարի հետ մարզպետը շրջել է նորաբաց մանկապարտեզում, ծանոթացել նախադպրոցական կրթության կազմակերպման գործընթացին, շենքային պայմաններին, զրուցել է աշխատակիցների և ծնողների հետ:
Մարզի ղեկավարն իր խոսքում շնորհավորել է ջրառատցիներին՝ նշելով, որ վերջին մի քանի տարիներին բնակավայրի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվել: «Ուրախալի է, որ մասնակից ենք դառնում համայնքային կյանքում մեծ կարևորություն ունեցող նման միջոցառումների և արձանագրում, որ տարիներ առաջ երազանք թվացող չգործող, չվերանորոգված մանկապարտեզն այսօր պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում իր դռներն է բացել բնակավայրի փոքրիկների առջև»,- ասել է Արգիշտի Մեխակյանը:
Նշենք, որ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում կապիտալ վերանորոգվել է մանկապարտեզի 1088 քմ մակերեսով երկհարկանի շենքը, կառուցվել է ջեռուցման համակարգ, բարեկարգվել է 4412 քմ մակերեսով բակային տարածք: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 195,2 մլն ՀՀ դրամ, որը ֆինանսավորվել է 70%-ը պետության և 30%-ը համայնքային բյուջեներից:
Մանկապարտեզը նախատեսված է 60 երեխայի համար: