Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների և մանկապարտեզի բացման արարողությունը
17.03.2025
Մարտի 17-ին ԱրմՍվիսԲանկի ֆինասավորմամբ պաշտոնապես բացվեցին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատան Ղ․ Աբգարյանի անվան և Արաքս համայնքի Մեծամորի միջնակարգ դպրոցներում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցները, որոնց հիմքը դրվել էր ԱրմՍվիսԲանկի, Արմավիրի մարզպետի աշխատակազմի և «Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն» ՀԿ-ի միջև կնքված եռակողմ հուշագրի ստորագրմամբ:
Միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, ԱրմՍվիսԲանկ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը, «Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, համայնքների ղեկավարներ Լյուդվիկ Յայլոյանն ու Ղազար Ղազարյանը, հարակից գյուղերի դպրոցների տնօրենները, աշակերտներ և այլ հյուրեր։
Աշխատանոցների կառուցման հիմնական նպատակն աշակերտների ուսումնական գործընթացում նոր հնարավորությունների բացահայտումն է` ծրագրավորման, ռոբոտաշինության և եռաչափ մոդելավորման ոլորտներում: Այս հնարավորությունից կարող են օգտվել ոչ միայն նշված կրթօջախների աշակերտները, այլև հարակից գյուղերի դպրոցների աշակերտները՝ ունենալով ուսման շարունակականություն և նոր կրթական հնարավորություններ:
Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ճարտարագիտական աշխատանոցների բացման աջակիցներին` մարզի ղեկավարն իր խոսքում կարևորեց ծրագրի նշանակությունը դպրոցականների շրջանում` կրթությունը համարելով հիմնաքար բոլոր խնդիրների լուծման համար։
ԱրմՍվիսԲանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանն էլ իր ելույթում նշեց․ «Մենք մեծ նշանակություն ենք տալիս կրթության և տեխնոլոգիական զարգացման ոլորտներին: Այս ծրագիրը՝ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների բացումը, մեր ներդրումների այն ոլորտներից է, որը միտված է երիտասարդ սերնդի կրթության զարգացմանը և Հայաստանի ապագա տնտեսական ու տեխնոլոգիական առաջընթացի բարձրացմանը»։
Աշխատանքային օրվա ընթացքում Արգիշտի Մեխակյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի հետ նաև ներկա է գտնվել Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը։
2019-2023 թթ․ սուբվենցիոն ծրագրերով Մեծամոր գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման, ինչպես նաև կահավորման համար հատկացված ընդհանուր գումարը կազմել է շուրջ 129 մլն ՀՀ դրամ։
Մանկապարտեզի տնօրենի ուղեկցությամբ մարզպետը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել շենքային պայմաններին, զրուցել աշխատակիցների և բնակիչների հետ։
2025թ. ընթացքում Մեծամոր բնակավայրի մանկապարտեզն Արմավիրի մարզի 3-րդ բացված մանկապարտեզն է: