Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիրը
27.03.2025
Արմավիրի մարզպետի աշխատակազմում այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները խորհրդակցություն են անցկացրել՝ «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» թեմայով, որին մասնակցել են Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները և համայնքապետարանների գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչները։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական հողերի արդյունավետ մշակման, գյուղատնտեսական ապահովագրության ոլորտում առաջացած խնդիրների և ձևավորված իրավիճակի, ապահովագրության համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր։
Ներկայացվել է, որ «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը:
Հավելենք, որ 2025 թ․ հաստատված գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի շրջանակում այս տարի կապահովագրվի 13 մշակաբույս (խաղող, ծիրան, դեղձ, կարտոֆիլ, սալոր, խնձոր, բալ, կեռաս, ձմերուկ, սեխ, ցորեն, գարի, վարսակ) 4 ռիսկերից՝ գարնանային ցրտահարություն, երաշտ, կարկտահարություն և հրդեհ:
Նախատեսվում է սուբսիդավորել ապահովագրավճարի 70-80%-ը, նախկինում գործող 50-60%-ի փոխարեն։
Ծրագրին մասնակցում են 3 ապահովագրական ընկերություններ՝ Ինգո Արմենիա, Լիգա Ինշուրանս, Սիլ Ինշուրանս: