Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հրատապ սոցիալական աջակցության միջոցառում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին
10.04.2025

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության աջակցության ծրագրին զուգահեռ՝ տեղահանված կարիքավոր ընտանիքները լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն կստանան։ Այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։
Միջոցառման պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ գումարած 10,000–ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։
Աջակցությունից կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք`
- չեն գտնվում պետական հոգածության ներքո կամ չեն բնակվում համայնքային/պետական սեփականություն հանդիսացող տարածքներում,
- որոնց 1 անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցի 55,000 դրամը (գործող աջակցությունները մտնում են եկամտի հաշվարկում),
- որոնց անդամները միևնույն բնակելի անշարժ գույքի նկատմամբ չունեն միանձնյա կամ առնվազն 50% բաժնային կամ համատեղ սեփականության կամ գնման իրավունք,
- որոնց անդամները չունեն 2017 թվականի կամ ավելի թարմ արտադրության ավտոմեքենա կամ որոնց ավտոմեքենաների գույքահարկը պակաս է 15,000 դրամից։
Դիմումները կընդունվեն ապրիլի 22–ից` https://e-social.am/ սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական հարթակով․ դիմելու ընթացակարգի մանրամասների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Միջոցառման մանրամասներին ծանոթացեք այստեղ` https://irazekum.am/event/view/228