Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորոնքի միջնակարգ դպրոցում պաշտոնապես բացվել էր «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցը
16.05.2025
Մայիսի 16-ին Արաքս համայնքի Խորոնքի միջնակարգ դպրոցում տոնական տրամադրություն էր։ Իրականացել էր դպրոցի սաների երկար սպասված երազանքը․ դպրոցում պաշտոնապես բացվել էր «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցը։
Միջոցառմանը մասնակցում էին Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, Արաքս
համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը, «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, ինչպես նաև մարզպետարանի, համայնքապետարանի և կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ, աշակերտներ ու հյուրեր։
Ճարտարագիտական աշխատանոցի գաղափարի իրագործմանն աջակցել են Արաքսի համայնքապետարանը, ինչպես նաև մի շարք անհատ բարերարներ։
Աշխատանոցը մեծ հնարավորություն է տալիս Խորոնքի և հարակից բնակավայրերի շուրջ 80 աշակերտի՝ սովորելու համակարգչային ծրագրավորում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում, ինչպես նաև իրագործելու սեփական նախագծերը՝ տեխնոլոգիաների միջոցով։
Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին՝ մարզպետ Արգիշտի Մեխակյանն իր խոսքում կարևորեց ծրագրի դերը դպրոցականների կրթության և ապագայի մասնագիտական կողմնորոշման հարցում՝ շեշտելով, որ ՏՀՏ ոլորտում գիտելիքների և հմտությունների զարգացումն այսօր հիմնաքարային նշանակություն ունի մեր երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացի համար։
Նման ծրագրերը ոչ միայն բացում են նոր հորիզոններ երիտասարդ սերնդի համար, այլև նպաստում են տեխնոլոգիական ու տնտեսական զարգացմանը՝ ձևավորելով հզոր ու մրցունակ համայնք։