Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայաստանում կառուցվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի առաջին պետական կենտրոնը
21.05.2025
Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում մեկնարկած շինաշխատանքներին հետևելու էին այցելել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Մեծամոր համայքնի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Միավորված ազգերի կազմակերաության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին և այլ պաշտոնատար անձիք։
Ներկաները ծանոթացել են կենտրոնի գլխավոր հատակագծին, քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման հնարավորությունները։
Նարեկ Մկրտչյանը նշել է, որ կենտրոնի գործարկումը հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կտա օգտվել անհրաժեշտ մի շարք ծառայություններից, այդ թվում՝ սոցիալ-վերականգնողական և զարգացման թերապիայի ծառայություններից, ստանալ աջակցություն՝ անկախ կյանքի հմտություններ ձեռք բերելու և դրանք զարգացնելու ուղղությամբ, ժեստերի լեզվի կամ շոշափման լեզվի միջոցով ստանալ թարգմանչական ծառայություններ և այլն:
Կառուցվելու է 4 մասնաշենքից բաղկացած համալիր՝ ընդհանուր մոտ 1600 քմ մակերեսով։ Կենտրոնն ունենալու է արևային ֆոտովոլտային կայան, որն ապահովելու է էլեկտրամատակարարումը, նաև ձմռան ամիսներին՝ ջեռուցումը՝ կրճատելով շահագործման ծախսերը։ Լինելու են բաց և փակ մարզադաշտեր, խաղահրապարակ, կանաչապատ և հանգստի գոտիներ։ Ներկայում շինարարությունն ընթանում է առաջանցիկ տեմպերով։
Արմավիրի մարզի անկախ կյանքի կենտրոնը կառուցվում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP), ՅՈՒՆԻՍԵՖ-ի (UNICEF) աջակցությամբ։ Շինարարությունն իրականացվում է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվերով։