Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արագած բնակավայրում բացվեց շախմատի սենյակ ու տարեցների զբաղվածության կենտրոն
22.05.2025
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցների հետ մասնակցել է Արագած բնակավայրում վերանորոգված և կահավորված շախմատի սենյակի ու տարեցների զբաղվածության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։
Սենյակի վերանորոգումն ու կահավորումն իրականացվել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ։ Վերանորոգման աշխատանքներին ներգրավված են եղել կամավորներ աշխարհի տարբեր երկրներից՝ նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային կյանքի զարգացմանը։
Բնակիչները ջերմորեն են ընդունել նախաձեռնությունը՝ ընդգծելով դրա կարևորությունը ինչպես երեխաների և երիտասարդների մտավոր զարգացման, այնպես էլ տարեցների ակտիվ զբաղվածության ապահովման գործում։ Շնորհակալություն հայտնելով ծրագրի կազմակերպիչներին՝ նրանք բարձր են գնահատել կատարված աշխատանքը։
Այցի ընթացքում մարզպետը շրջայց է կատարել Արագած բնակավայրի մշակույթի տանը, ծանոթացել վերանորոգված տարածքներին, շենքային պայմաններին, ընթացիկ ծրագրերին։
Մշակույթի տան 2-րդ և 3-րդ հարկերի վերանորոգման ու ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքները իրականացվել են 2022 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմել է 58.5 միլիոն դրամ, որից 35%-ը տրամադրվել է պետական, իսկ 65%-ը՝ համայնքային բյուջեներից։