Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ
23.05.2025

Սիրելի՛ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ բոլորիդ այս կարևոր օրվա՝ դպրոցական վերջին դասի կապակցությամբ:
Դուք կանգնած եք կյանքի նոր շրջափուլի առջև։ Եվ այսօր դպրոցի վերջին զանգը հնչելու է ոչ միայն որպես հրաժեշտ, այլ նաև նոր ճանապարհի մեկնարկ։ Այն ուղեկցվելու է հիշողություններով, որոնք տարիներ շարունակ ջերմացնելու են ձեր սրտերը՝ ուսուցիչների սրտաբուխ խորհուրդները, դասընկերների անկեղծ ժպիտները, և այն անհոգ պահերը, որոնք դպրոցն այսքան սիրելի են դարձրել։
Դպրոցը ձեզ տվել է առաջին գիտելիքները, ձևավորել է ձեր աշխարհընկալումը, սերմանել է պատասխանատվություն ու աշխատասիրություն։ Այս պահից սկսած ձեր առաջ բացվում են նոր հորիզոններ՝ լի հնարավորություններով, փորձություններով ու հաղթանակներով։ Ձեր ընտրած ուղիներից յուրաքանչյուրում կարևորը նվիրվածությունն ու անկեղծ հավատն է սեփական ուժերի հանդեպ։
Դուք եք մեր վաղվա օրը, պետության հենասյունը: Ձեր ոգևորությունն ու ստեղծագործ միտքն են ձևավորելու Հայաստանի Հանրապետության ապագան։ Մի՛ վախեցեք փորձել, սխալվել, սովորել ու աճել։
Սիրելի՛ շրջանավարտներ, միշտ հիշեք, որ ձեր ստացած գիտելիքների, մեծ ու փոքր հաջողությունների համար նախ և առաջ պարտական եք ձեր ուսուցիչներին:
Հարգելի՛ ուսուցիչներ, իմ շնորհակալությունն եմ հայտնում ձեզ՝ անխոնջ և հայրենանվեր աշխատանքի, ձեր սաներին կրթելու և դաստիարակելու, նրանց մեջ բարություն սերմանելու համար։
Շնորհավորում եմ նաև ձեզ, հարգելի՛ ծնողներ, և վստահ եմ, որ ձեր աջակցությամբ ձեր զավակները կյանքի կկոչեն իրենց բոլոր երազանքներն ու սպասումները:
Սիրելի՛ շրջանավարտներ, թող ձեզնից յուրաքանչյուրի ճանապարհը լինի լույսով և հավատով լի, ապրեցված մեծ երազանքներով ու իրական հաջողություններով։ Քայլեք առաջ հպարտ՝ որպես հայ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ ամենուր բարձր պահելով հայի և մեր պետության անունը:
Բարի երթ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ։ Թող ձեր կյանքի այս նոր փուլը լինի արժանապատիվ, հաջողություններով լի և մարդաշնորհ։