Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խոյ համայնքի Դողս բնակավայրում տեղի ունեցավ մասնակցային բյուջետավորմամբ իրականացված հաղթող ծրագրի՝ սպորտային խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը
26.05.2025
Խոյ համայնքի Դողս բնակավայրում տեղի ունեցավ մասնակցային բյուջետավորմամբ իրականացված հաղթող ծրագրի՝ սպորտային խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը։
Ծրագիրը ներկայացրել էր Դողսի բնակիչ Եղիշե Արսենյանը, որի գաղափարը ոգևորությամբ ընդունվեց համայնքի կողմից և իրականություն դարձավ բնակիչների անմիջական ներգրավվածությամբ։
Միջոցառմանը մասնակցում էին Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գործընկերներ, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև բազմաթիվ բնակիչներ։
Մասնակցային բյուջետավորման գործընթացը կյանքի է կոչվել GIZ-ի կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության աջակցությամբ և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում։
Այս նախաձեռնությունը խոսուն օրինակ է համայնք-բնակիչներ համագործակցության, որով նաև ամրապնդվում է տեղական ժողովրդավարությունը։