Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանին հյուրընկալել է Արմավիրի մարզպետը
04.06.2025
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը այսօր ընդունել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության «Նժույգ թափեր» վարժության չեմպիոն Համլետ Մանուկյանին և նրա մարզչին՝ Հայկ Նազարյանին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև մարզիկի հայրը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ։
Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Մեխակյանը շնորհակալություն է հայտնել Համլետ Մանուկյանին՝ միջազգային մրցաշարերում Հայաստանի պատիվը բարձր պահելու, ինչպես նաև սպորտում տպավորիչ նվաճումների համար։ Նա մաղթել է նոր հաջողություններ և պատվավոր հաղթանակներ առաջիկա մրցումներում։
Արգիշտի Մեխակյանը հատուկ ընդգծել է մարզչի կարևոր դերակատարությունն ու ընտանիքի աջակցությունը մարզիկի հաջողության ճանապարհին՝ դրանք համարելով մարզական արդյունքների կայացման առանցքային նախապայմաններ։
Հիշեցնենք, որ Համլետ Մանուկյանը վերջերս իր մարզական կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն՝ Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում։ Նա նժույգ-թափերի եզրափակչում ցուցադրել է բարձրակարգ ելույթ՝ հավաքելով 14.766 միավոր։