Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզում կանցկացվեն անվճար դերմատոսկոպիկ հետազոտություններ և մաշկաբանական խորհրդատվություններ
13.06.2025

Հարգելի՛ հայրենակիցներ,
Մաշկային քաղցկեղների, հատկապես մելանոմայի վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը բացառիկ կարևորություն ունեն յուրաքանչյուրիս առողջության պահպանման գործում։
ՀՀ առողջապահության նախարարության Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի մասնագետների կողմից հունիսի 20-ին կանցկացվեն անվճար դերմատոսկոպիկ հետազոտություններ և մաշկաբանական խորհրդատվություններ՝ Արմավիրի մարզի բնակիչների համար։ Սպասարկումն իրականացվելու է միաժամանակ երկու վայրում՝
Մեծամորի առողջապահություն ՀՈԱԿ-ում և Արմավիրի բժշկական կենտրոնում` սկսած 10:00-ից։
Դերմատոսկոպիան անփոխարինելի մեթոդ է մաշկային քաղցկեղների, հատկապես մելանոմայի վաղ հայտնաբերման համար, քանի որ թույլ է տալիս տեսանելի դարձնել այնպիսի մաշկային փոփոխություններ, որոնք անզեն աչքով հնարավոր չէ նկատել։
Հիշեցում՝ մաշկի քաղցկեղի վաղ ախտորոշումը բուժման հաջողության լավագույն նախապայմանն է։
Խրախուսվում է հատկապես այն քաղաքացիների մասնակցությունը, ովքեր ունեն մեծ թվով խալեր,
նկատում են խալերի կամ մաշկային գոյացությունների ձևի, գույնի, չափի կամ կառուցվածքի փոփոխություններ,
ունեն նորագոյացություններ,
ունեն մաշկային քաղցկեղի ընտանեկան պատմություն կամ այլ ռիսկային գործոններ։