Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետն այցելել է «Արմավիրի զարգացման կենտրոն» և «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոն
19.06.2025
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է «Արմավիրի զարգացման կենտրոն»՝ ծանոթանալու կենտրոնի գործունեությանը, իրականացված ծրագրերին և առաջիկայում նախատեսվող նախաձեռնություններին։
Կենտրոնի ղեկավար Նաիրա Առաքելյանի, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ մարզի ղեկավարը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և քննարկել հետագա համագործակցության հնարավորություններն ու ուղիները։
Այնուհետև մարզպետն այցելել է Արմավիր քաղաքում գործող «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոն, որը հիմնադրվել է 2016 թվականին «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից։
Կենտրոնը տրամադրում է սոցիալական, հոգեբանական և վերականգնողական ծառայություններ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ ապահովելով նրանց համակողմանի աջակցություն և ինտեգրում համայնք։
Մարզպետ Արգիշտի Մեխակյանը կարևորել է նման կենտրոնների դերը համայնքի սոցիալական ներառման և երեխաների բարեկեցության ապահովման գործում՝ ընդգծելով մարզպետի աշխատակազմի պատրաստակամությունը՝ աջակցելու նմանատիպ ծրագրերի շարունակական զարգացմանը։