Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր հանդիպում է ունեցել Արաքս և Մեծամոր համայնքներում շահագործվող հանքավայրերի սեփականատերերի հետ
23.06.2025
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր հանդիպում է ունեցել Արաքս և Մեծամոր համայնքներում շահագործվող հանքավայրերի սեփականատերերի հետ։
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ՆԳՆ ՊԾ Արմավիրի գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանը, Արաքս և Մեծամոր համայնքների ղեկավարները։
Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը ներկայացրել են բնակիչների կողմից բարձրացված մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ գերբեռնված բեռնատար մեքենաների երթևեկության հետևանքով ճանապարհների վնասման, երթևեկության անվտանգության, հարակից բնակավայրերի բնակիչների անհանգստությունների հետ կապված հարցերը։
Մարզպետ Արգիշտի Մեխակյանը կարևորել է համայնքների ղեկավարների և բնակչության մտահոգությունները՝ ընդգծելով, որ համայնքներում իրականացվող ցանկացած տնտեսական գործունեություն պետք է համապատասխանեցվի շրջակա միջավայրի պահպանության, ճանապարհային անվտանգության և համայնքային կյանքի որակի ապահովման պահանջներին։
Քննարկվել են նաև հնարավոր լուծումները՝ այդ թվում երթևեկության այլընտրանքային ուղիների ուսումնասիրության, մեքենաների բեռնվածության վերահսկման և շահագործման կանոնների խստացման ուղղությամբ։
Համաձայնություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել նաև ոլորտային աշխատանքային հանդիպում՝ խնդրի համալիր վերլուծության և կայուն լուծումների մշակման նպատակով։