Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Էջմիածնում նշվեց Ֆրանսիայի Հայ Երիտասարդաց Միության՝ ԺԱՖ-ի հիմնադրման 80-ամյակը
30.07.2025
Հուլիսի 29-ին, Էջմիածնի Կոմիտասի անվան Մշակույթի պալատի դահլիճում տեղի ունեցավ ուշագրավ մշակութային միջոցառում՝ նվիրված Ֆրանսիայի Հայ Երիտասարդաց Միության (ԺԱՖ) հիմնադրման 80-ամյակին։
ԺԱՖ-ը հիմնադրվել է 1945 թվականին Միսաք Մանուշյանի զինակից ընկերների կողմից և արդեն ութ տասնամյակ շարունակ ծառայում է սփյուռքում հայ ինքնության պահպանմանն ու մշակութային ժառանգության փոխանցմանը՝ դառնալով հայ համայնքի համախմբման վառ խորհրդանիշ։
Միջոցառումը կազմակերպվել էր «ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ մարդասիրական կազմակերպության կողմից՝ Վաղարշապատի համայնքապետարանի աջակցությամբ՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի գլխավորության:
Երեկոն համախմբել էր սփյուռքահայ և հայրենաբնակ հյուրերին՝ ստեղծելով հուզիչ մթնոլորտ՝ մշակութային հպարտությամբ և հոգևոր բարձրությամբ լեցուն։
Այն ընդգծեց սփյուռքի ու հայրենիքի անքակտելի կապն ու փոխադարձ աջակցությունը։
Միջոցառմանը մասնակցում էին Արմավիրի մարզպետի պաշտոնակատար Բարսեղ Նիկողոսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը, ԺԱՖ-ի անդամներ, հյուրեր սփյուռքից, համայնքի բնակիչներ ու արվեստասերներ։