Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում կայացավ հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների ավանդական օգոստոսյան խորհրդակցությունը

26.08.2025


 Արմավիրի մարզում կայացավ հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների ավանդական օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

Միջոցառմանը մասնակցում էին Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, մարզպետի պարտականությունները կատարող Բարսեղ Նիկողոսյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Արմավիրի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, ինչպես նաև ԿԳՄՍՆ և մարզպետի աշխատակազմի ոլորտային այլպատասխանատուներ:

Խորհրդակցության սկզբում փոխմարզպետ Բարսեղ Նիկողոսյանը ողջունեց ներկաներին՝ իր խոսքում կարևորելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող կրթական համակարգի զարգացմանն ուղղված շարունակական բարեփոխումները և դպրոցաշինության լայնածավալ ծրագրերի իրականացումը։ Նա շեշտեց, որ Արմավիրի մարզում գործադրվում են մեծ ջանքեր՝ նշված ծրագրերն արդյունավետ և բարձր մակարդակով կյանքի կոչելու համար։

 Խորհրդակցությունը մեկնարկեց «Տարվա լավագույնները 2024–2025» մրցույթի հաղթող 7 մանկավարժների պարգևատրմամբ, ովքեր ԿԳՄՍ նախարարության անունից ստացան շնորհակալագրեր՝ կրթության ոլորտում իրենց բացառիկ ներդրման համար։

 Այնուհետև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդես եկավ զեկույցով՝ ամփոփելով նախորդ ուսումնական տարվա արդյունքները և ներկայացնելով առաջիկա ծրագրերը:
Ըստ նրա՝ 2024-2025 ուսումնական տարում նոր չափորոշիչը կգործի 1-11-րդ դասարաններում, իսկ 12-րդ դասարանի համար կգործարկվի 2025-2026 ուստարանից։

 Ներկայացվեցին նաև մի շարք իրավական կարգավորումներ՝ կապված ֆինանսական և ուսումնական գործընթացների կազմակերպման հետ։ Փոխնախարարը կարևորեց կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ԿՏՏՀ) տվյալների ճշգրիտ և ամբողջական լրացումը՝ նշելով, որ դրանք ուղղակիորեն ազդում են ֆինանսավորման վրա։

 2025-2026 ուսումնական տարին հայտարարվել է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ձևավորել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Այս շրջանակում նախատեսվում են մի շարք ծրագրեր և միջոցառումներ։

 Արաքսիա Սվաջյանը նաև անդրադարձավ ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին՝ նշելով, որ Արմավիրի մարզում ներկայում վերակառուցման, նորոգման և կառուցման փուլում է 37 դպրոց, որից 4-ն արդեն շահագործման են հանձնվել։ Մարզի 87 դպրոց արդեն համալրվել է ԲՏՃՄ լաբորատոր սարքավորումներով, իսկ մյուսները համալրման փուլում են։ Նա հորդորեց դրանք նպատակային օգտագործել՝ բարձրացնելու բնագիտական առարկաների դասավանդման որակը։

 Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին՝ փոխնախարարը հայտնեց, որ Արմավիրի մարզում 654 ուսուցիչ արդեն անցել է ատեստավորում, իսկ 42-ը ունեն տարակարգ։ Փոխնախարարը նշեց, որ դպրոցներում ակտիվ շարունակեն այս գործընթացը՝ հիշեցնելով, որ հայտագրումը բաց է մինչև սեպտեմբերի 30-ը։

Քննարկվեց նաև երկարօրյա ուսուցման ծառայության կիրառումը։ Արաքսիա Սվաջյանը շեշտեց, որ այս ծառայությունը նոր գործիք է՝ ուղղված կրթության որակի բարելավմանը և սովորողների կարիքների հասցեագրմանը։
Խորհրդակցության մասնակցիները նաև իրենց հուզող հարցերն են ուղղել պաշտոնյաներին:

 Նշենք նաև, որ խորհրդակցությունից առաջ Արմավիրի քաղաքային զբոսայգում կազմակերպվել էր «Կրթական էքսպո» ցուցահանդես, որտեղ ներկայացվել էին մարզի դպրոցների լավագույն նախագծային աշխատանքները։ Մասնակիցները ծանոթացել են նախագծերին, զրուցել աշակերտների և ուսուցչական կազմի հետ, իսկ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի մասնագետներն Արմավիրի Զորավար Անդրանիկի թիվ 5 հիմնական
դպրոցում իրականացրել են տեղեկատվական սեմինար՝ հանրակրթական դպրոցների ուսումնական գծով տեղակալների և մեթոդակասն միավորումների նախագահների համար։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-02 17:33:07