Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզը ներկայացրեց իր մշակութային և ստեղծագործական հարստությունը «Արվեստների և արհեստների» փառատոնում
31.08.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ և ՀՀ մարզպետների աշխատակազմերի աջակցությամբ այսօր՝ օգոստոսի 31-ին, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվեց «Արվեստների և արհեստների» 14-րդ միջազգային փառատոնը:
Միջոցառման ընթացքում Հայաստանի բոլոր մարզերն իրենց տաղավարներում հերթական անգամ ներկայացրեցին քաղաքային և գյուղական բնակավայրերին բնորոշ արհեստների, արվեստների ցուցանմուշները, զբոսաշրջային գրավչությունները, ազգային խոհանոցն ու տեղական բարիքները։
Միջոցառմանը ներկա էին ՏԿԵ նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Արմավիրի մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների պատասխանատու պաշտոնյաներ, արվեստի բնագավառի ներկայացուցիչներ։
Փառատոնը կազմակերպել էր «Մեդիա Օնիքս» մշակույթի և տուրիզմի պրոպագանդման ընկերությունը:
✅ Այս տարի փառատոնին մասնակցեցին Արմավիրի մարզի #Արմավիր, #Արաքս, #Բաղրամյան համայնքները՝ պարի, փայտագործության, խեցեգործության, նկարչության, ձեռագործ տարբեր աշխատանքներով։
Փառատոնի ընթացքում ավանդական ուտեստների հյուրասիրություն էր կազմակերպել Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջը և Բաղրամյան համայնքը` ներկայացնելով ավանդական ուտեստներ և արևահամ չորամրգեր։