Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը սեպտեմբերի 1-ին այցելեց մի շարք դպրոցներ
01.09.2025
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Վաղարշապատի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի հետ սեպտեմբերի 1-ին այցելեց Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոց։ Տոնական միջոցառմամբ ազդարարվեց 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկը։
Միջոցառմանը ներկա էին նաև Արմավիրի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ։
Բարսեղ Նիկողոսյանը ջերմորեն շնորհավորեց աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա կապակցությամբ` նշելով, որ սպտեմբերի 1-ը յուրահատուկ օր է բոլորիս համար․ այն նոր սկիզբ է, նոր սպասումների և երազանքների մեկնարկ։ Թող այս ուսումնական տարին լի լինի ձեռքբերումներով, ոգևորությամբ և ստեղծագործ ընթացքով։
Այնուհետև փոխմարզպետը շնորհակալություն հայտնեց մանկավարժներին իրենց նվիրված ու անփոխարինելի աշխատանքի համար, ծնողներին՝ վստահության ու աջակցության համար` վստահեցնելով, որ համատեղ ջանքերով կկերտեն կրթված, հայրենասեր և ստեղծարար սերունդ։
Այնուհետև Բարսեղ Նիկողոսյանն այցելեց նաև Վաղարշապատի Ռ. Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց, Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց, ինչպես նաև Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց։ Տնօրենների ուղեկցությամբ նա շրջայց կատարեց դպրոցներում, ծանոթացավ ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքին, զրուցեց մանկավարժների, աշակերտների և ծնողների հետ՝ կարևորելով նրանց մտահոգությունները և առաջարկները։