Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի հետ այսօր այցելել է համայնքի մի շարք բնակավայրեր
10.09.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի հետ այսօր այցելել է համայնքի մի շարք բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու ընթացիկ ծրագրերի շրջանակում իրականացվող շինաշխատանքներին։
Այցի ընթացքում մարզպետը շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ քննարկել է նախագծային լուծումները՝ կարևորելով աշխատանքների որակի ապահովումն ու սահմանված ժամկետների պահպանումը։
Այցի առաջին կանգառն Աղավնատուն բնակավայրում էր, որտեղ իրականացվում են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները։ Նախատեսված է 2000 քմ մակերեսով մանկապարտեզի հիմնանորոգում՝ 180 սանի համար։ Աշխատանքներն իրականացվում են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 360,193,377 ՀՀ դրամ, որի 70%-ը տրամադրում է կառավարությունը, իսկ 30%-ը՝ համայնքը։
Հաջորդ կանգառը Ծաղկունք բնակավայրում էր, որտեղ ընթացքի մեջ են նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները։ Ծրագրով նախատեսված է կառուցել մանկապարտեզ 100 սանի համար՝ 440,000,000 ՀՀ դրամ արժեքով։ Աշխատանքներն իրականացվում են ՀՏԶՀ-ի ծրագրով՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։
Հաջորդ կանգառը Մրգաստան բնակավայրն էր, որտեղ կատարվում է եկեղեցի տանող ճանապարհի կապիտալ վերանորոգում (սալարկում)։ Այս ծրագիրը ևս իրականացվում է 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26,538,170 ՀՀ դրամ՝ 50% կառավարության և 50% համայնքի համաֆինանսավորմամբ։
Աշխատանքային այցի վերջին կանգառը Դաշտ բնակավայրում էր, որտեղ ընթանում են Բարեկամություն և Համերաշխություն փողոցների գազաֆիկացման աշխատանքները, որոնք նույնպես իրականացվում են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 41,368,315 ՀՀ դրամ, որի 45%-ը տրամադրում է կառավարությունը, իսկ 55%-ը՝ համայնքը։